ՀՀ կառավարությունը նախատեսում է սկսել TRIPP («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագծի իրականացման նախապատրաստական աշխատանքները՝ մաքրելով և ազատելով ծրագրի համար նախատեսված տարածքը։ Որոշումն ընդունվել է կառավարության նոյեմբերի 19-ի նիստում։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մշակած որոշման նախագծով՝ այդ նպատակով նախատեսվում է հատկացնել 16 մլն դրամ։
Որոշման համաձայն՝ տարածքը կմաքրվի քարերից, թափվածքներից և կուտակված գրունտից։ Աշխատանքներ կիրականացվեն նաև առկա թունելներում և արհեստական կառույցների հարակից հատվածներում։
Աշխատանքները սեղմ ժամկետում իրականացնելու համար նախարարությունն առաջարկում է գնումները կազմակերպել հրատապ կարգով։ Նախատեսվում է ձեռք բերել նաև էսքիզային նախագծի պատրաստման, թերությունների արձանագրման և ծախսերի գնահատման ծառայություններ։
Որոշմամբ նախատեսվում է աշխատանքներն իրականացնել առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության։ Միաժամանակ նախատեսվում է նախագծող ընկերության տեխնիկական առաջադրանքում ներառել բնապահպանական կառավարման պլանի մշակման պահանջ։
Նախապատրաստական աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման համար գումարը կհատկացվի կանխավճարի տեսքով։ Որոշման հիմնավորման համաձայն՝ այն լրացուցիչ ֆինանսական միջոցներ չի պահանջի․ նախատեսվում է վերաբաշխում կատարել 2026 թվականի պետական բյուջեի շրջանակում։
Միաժամանակ ամերիկյան AECOM ընկերությունը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներին ներկայացրել է TRIPP նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները։
Ներկայացվել են երկաթուղային ենթակառուցվածքի, ինչպես նաև էներգետիկ, ճանապարհային և թվային կապուղիների գործառնական հնարավորությունների նախնական վերլուծությունները։
Հանդիպման ընթացքում քննարկվել և պլանավորվել են նաև տեխնիկատնտեսական ուսումնասիրության հաջորդ փուլերի իրականացման կազմակերպչական հարցերը։
TRIPP նախագիծը նախատեսում է Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցություն ապահովել Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև։ Նախագիծը բխում է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած համատեղ հռչակագրից։
Հայաստանի և ԱՄՆ-ի միջև TRIPP նախագծի իրականացման շրջանակային համաձայնագիրն Ազգային ժողովը հոկտեմբերի 28-ին վավերացրել էր։ Փաստաթղթով նախատեսվում է ստեղծել TRIPP Development Company ընկերությունը, որի բաժնետոմսերի 74%-ը պատկանելու է ամերիկյան կողմին, 26%-ը՝ Հայաստանին։ Ընկերությանը ենթակառուցվածքների զարգացման իրավունքները նախատեսվում է տրամադրել 49 տարով՝ ևս 50 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Ազգային ժողովը նոյեմբերի 12-ին ընդունել էր TRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման վերաբերյալ օրենսդրական փաթեթը։ Ավելի վաղ՝ նոյեմբերի 6-ին, Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը գործարկել էին նախագծի տեխնիկական պլանավորման երկու աշխատանքային խումբ՝ տրանսպորտային և էլեկտրաէներգիայի փոխանցման հարցերով։
Ամերիկյան AECOM ընկերության մասնագետները հուլիսին ուսումնասիրել էին TRIPP-ի համար նախատեսված տարածքը։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հոկտեմբերի 2-ին հայտարարել էր, որ նախագծի հիմնարկեքը նախատեսվում է 2027 թվականի սկզբին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







