Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ նոյեմբերի 12-ին Դուբլինում ադրբեջանական կողմի հետ հանդիպմանը քննարկել է անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանման ուղղությամբ համագործակցությունն առավել ինստիտուցիոնալ դարձնելու հարցը։
Այս մասին նա հայտարարել է Երևանում անցկացվող «Անհայտ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն» համաժողովում։ Ուղիղ հեռարձակումն՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանից շուրջ 1000 անհետ կորած կա, որոնցից 777-ը անհետ կորած են համարվում դեռևս 1990-ականների սկզբից, իսկ մյուսները՝ 2020 թվականի և դրան հաջորդած իրադարձությունների հետևանքով։
Վարչապետը խնդրի լուծման ամենաարդյունավետ միջոցը համարել է Հայաստանի և Ադրբեջանի համագործակցությունը։
«Եվ պիտի արձանագրեմ, որ նաև Դուբլինում տեղի ունեցած քննարկումների համատեքստում մենք առավել կոնկրետ ու մանրամասն ենք քննարկում անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանման շուրջ համագործակցությունը առավել ինստիտուցիոնալ դարձնելու խնդիրները»,- ասել է Փաշինյանը։
Անհետ կորած անձանց հարցում համագործակցություն է նախատեսված նաև Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության համաձայնագրի տեքստով, որը նախաստորագրվել է Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին։ Համաձայնագրի 9-րդ հոդվածը նախատեսում է տեղեկությունների փոխանակում, աճյունների որոնում և վերադարձ։ Համագործակցության պայմանները կողմերը պետք է համաձայնեցնեն առանձին համաձայնագրով։
Փաշինյանը 2026 թվականի սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել անհետ կորած անձանց ճակատագրերը պարզելու հարցում համագործակցելու վերաբերյալ։
Ազգային անվտանգության ծառայությունը հոկտեմբերի 15-ին Armenia Today-ին հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի՝ անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովները չնույնականացված անձանց ԴՆԹ պրոֆիլներ են փոխանակել՝ նրանց ինքնությունը պարզելու նպատակով։
Քննչական կոմիտեի՝ 2025 թվականի հոկտեմբերին Armenia Today-ին տրամադրած տվյալներով՝ միայն 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած է համարվում 191 մարդ՝ 172 զինծառայող և 19 քաղաքացիական անձ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







