Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պատասխանել է մայրաքաղաքի խցանումների քննադատներին՝ հայտարարելով, որ երթևեկության մասին խոսում են մարդիկ, ովքեր չեն պատկերացնում համակարգային խնդիրը։ Ուղիղի հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-յան ալիքում։
Քաղաքապետի հայտարարությունը հնչել է նոյեմբերի 16-ի աշխատանքային խորհրդակցության ժամանակ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի քննադատությունից հետո։
«Շատ տարբեր թեզեր են պտտվում Երևան քաղաքում երթևեկության խնդիրների վերաբերյալ, և կարծում եմ՝ այդ թեզերին անդրադառնալու կարիք կա, որովհետև երբ մենք չենք անդրադառնում այդ թեզերին, անդրադառնում են շատ տարբեր մարդիկ, ովքեր իրապես, ոնց որ թե, չեն պատկերացնում համակարգային խնդիրը», — ասել է Ավինյանը։
Քաղաքապետը մայրաքաղաքում ավտոմեքենաների թվի աճը բացատրել է տնտեսության զարգացմամբ, աշխատատեղերի և բնակչության եկամուտների ավելացմամբ, այլ ոչ թե նոր շենքերի կառուցմամբ։ Նրա խոսքով՝ քաղաքացիները կարող են նախկին բնակարաններից, որտեղ ավտոկայանատեղի չունեին, տեղափոխվել ավտոկայանատեղիներով նորակառույց շենքեր։
«Շենքերի մեջ ավտոմատ կերպով մարդիկ չեն ծնվում, այդ շենքերի ավտոկայանատեղիներով ավտոմատ կերպով ավտոմեքենաներ չեն հայտնվում», — ասել է Ավինյանը։
Հակոբյանը նոյեմբերի 10-ին տեսանյութ էր հրապարակել՝ քննադատելով Երևանում ընթացող շինարարական աշխատանքների հետևանքով առաջացած խցանումներն ու երթևեկության պայմանները։ Նա կոչ էր արել շենքերի կառուցմանը զուգահեռ զարգացնել ճանապարհային ենթակառուցվածքները։
«Վստահ եմ, ինչ-որ մի տեղ գոյություն ունի այն գիտելիքը, որը թույլ կտա երկրում սնկի նման աճող շենքերին, զուգահեռ սնկի նման աճեցնել կախովի ճանապարհներ, հեստակադաներ, շենքերն իրար կապող վերգետնյա ճանապարհներ, ստորգետնյա ճանապարհներ, շրջանցիկ ճանապարհներ, առաջանցիկ ճանապարհներ և այլն և այսպես», — ասել էր Հակոբյանը։
Հակոբյանխ խոսքով՝ «մայրաքաղաքի A կետից C կետ հասնելու համար պահանջվում է տիեզերագնացի առողջություն, հատկապես ամուր սիրտ-անոթային և նյարդային համակարգ»։
ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը տարածել էր նրա տեսանյութը, ինչը քննարկումների առիթ է դարձել Երևանի քաղաքապետի պաշտոնին նրա հնարավոր հավակնությունների մասին լուրերի ֆոնին։ Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում Սիմոնյանը կարող է մրցակցել գործող քաղաքապետի հետ։
Սիմոնյանը, սակայն, հերքել է տեսանյութով կիսվելու քաղաքական ենթատեքստի մասին ենթադրությունները՝ հայտարարելով, որ իր քայլը պետք չէ կապել քաղաքապետի ընտրությունների հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







