Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի՝ Երևանի խցանումների վերաբերյալ Աննա Հակոբյանի քննադատական տեսանյութը տարածելու քայլը դժգոհություն է առաջացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշ ներկայացուցիչների շրջանում, գրում է «Ժողովուրդ» թերթը՝ հղում անելով կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ կուսակցության որոշ ներկայացուցիչներ Սիմոնյանի քայլը գնահատել են որպես ոչ թիմային պահվածք՝ տեսանյութն ընկալելով որպես Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին ուղղված քննադատություն։ Թերթի տեղեկություններով՝ հարցը կարող է քննարկվել կուսակցության առաջիկա նիստերից մեկում։
Միաժամանակ «Իրավունք» թերթը գրում է, որ ՔՊ անդամներին հանձնարարվել է տարածել Հակոբյանի տեսանյութը։ Պարբերականի աղբյուրի պնդմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներքին կարգով կուսակիցներին հասկացրել է, որ Հակոբյանի նախաձեռնությունները պետք է տարածվեն և խրախուսվեն։
Հակոբյանը նոյեմբերի 10-ին հրապարակած տեսանյութում դժգոհել էր շինարարական աշխատանքների ֆոնին Երևանի խցանումներից։ Նա նշել էր, որ քաղաքում մի կետից մյուսը հասնելու համար պետք է տիեզերագնացի առողջություն, հատկապես՝ ամուր սրտանոթային և նյարդային համակարգ։
Նույն օրը Սիմոնյանը տեսանյութը տարածել էր սոցցանցի իր էջի Story բաժնում։ Նրա հրապարակումը քննարկումների առիթ է դարձել Երևանի ավագանու 2028 թվականի ընտրություններում Ավինյանի հետ հնարավոր մրցակցության մասին մամուլի հրապարակումների ֆոնին։
«Ժողովուրդ» թերթը դեռ նոյեմբերի 3-ին, հղում անելով իշխանական շրջանակների իր աղբյուրներին, գրել էր, որ Սիմոնյանը մտադիր է հավակնել Երևանի քաղաքապետի պաշտոնին։ Պարբերականի տվյալներով՝ նա իր շրջապատում հայտարարել է, որ դառնալու է հաջորդ քաղաքապետը, իր վարկանիշն ավելի բարձր է համարում Ավինյանի վարկանիշից և ակնկալում է ՔՊ ղեկավարության աջակցությունը թեկնածուի առաջադրման հարցում։
Ավինյանը, նույն թերթի տեղեկություններով, մտադիր է պահպանել պաշտոնը և համոզված է, որ Սիմոնյանն անհրաժեշտ ներկուսակցական աջակցությունը չի ստանա։
Ավելի ուշ հրապարակած տեսանյութում ԱԽ քարտուղարը հերքել է իր քայլի քաղաքական ենթատեքստի մասին ենթադրությունները՝ կոչ անելով այն չկապել քաղաքապետի ընտրությունների հետ։
Նա տարօրինակ է համարել, որ Հակոբյանի տեսանյութը տարածելը զարմացրել է որոշ մարդկանց, այդ թվում՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որոնք դրանում դավադրություն են տեսնում։ Սիմոնյանի խոսքով՝ իրենք հաճախ են բարձրաձայնում տարբեր ոլորտների խնդիրներն ու համատեղ լուծում դրանք։
Սիմոնյանը շեշտել է, որ մշտապես հետաքրքրվել է Երևանի խնդիրներով, հիշեցրել Երևանի ավագանիում իր աշխատանքի մասին և հայտարարել, որ շարունակելու է զբաղվել քաղաքային հարցերով։
Անդրադառնալով քաղաքապետի պաշտոնում հնարավոր առաջադրմանը՝ նա այդ խոսակցություններն անտեղի է համարել, սակայն ընտրություններին մասնակցելու հնարավորությունը հստակ չի բացառել։ Սիմոնյանն ասել է, որ ո՛չ ինքը, ո՛չ լրագրողները չգիտեն՝ ինչով է զբաղվելու կես տարի, մեկ կամ երկու տարի անց։
Ավելի վաղ Ավինյանը հայտնել էր, որ մինչև 2030 թվականը նախատեսվում է պիկ ժամերին հանրային տրանսպորտով ուղևորության տևողությունը կրճատել առնվազն 30%-ով։ Նրա խոսքով՝ խցանումների պատճառով ավտոբուսով ուղևորության տևողությունը կարող է ավելանալ 70–80%-ով, իսկ սպասման ժամանակը՝ հասնել 20–30 րոպեի։ Խնդիրը լուծելու համար քաղաքապետարանը նախատեսում է ընդլայնել առանձնացված երթևեկելի գոտիների ցանցն ու թարմացնել ավտոբուսային պարկը։
Հունիսին Ավինյանը նաև հայտնել էր օրինագծի մասին, որով առաջարկվում է տուգանք սահմանել վթարից հետո երթևեկելի հատվածը ժամանակին չազատելու համար։ Նախագծով առաջարկվում է վթարի մասնակիցներին տուգանել 30 հազար դրամով, եթե նրանք 15 րոպեի ընթացքում մեքենաները չհեռացնեն երթևեկելի հատվածից՝ բացառությամբ նախագծով նախատեսված դեպքերի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







