Անցնել բովանդակությանը
Երեքշաբթի, Նոյեմբերի 17
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+7°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան+3°
  • 360.51 ▲ +0.07
  • 396.13 ▼ −0.57
  • 4.37 ▲ +0.00
  • 138.98 ▲ +0.03
Երեքշաբթի, Նոյեմբերի 17 18:02

«Քիթը թող չմտցնի»․ Մելիքյանի և «Արարատ-Արմենիայի» հրապարակային վեճը

Егише Меликян

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը և «Արարատ-Արմենիան» հրապարակային վեճի են բռնվել հարձակվող Ժիրայր Շաղոյանի հետ աշխատանքի շուրջ։

Մելիքյանը հորդորել է ակումբի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպային չմիջամտել իր աշխատանքին, իսկ «Արարատ-Արմենիան» ի պատասխան նրան մեղադրել է հավաքականի ելույթներից ուշադրությունը շեղելու փորձի մեջ։

Մելիքյանն այդ մասին խոսել է նոյեմբերի 12-ին Կիպրոսի հավաքականի հետ 1։1 հաշվով ավարտված հանդիպումից հետո հրավիրված ասուլիսի ընթացքում։ Լրագրողը խնդրել է գնահատել Շաղոյանի և պաշտպան Նաիր Տիկնիզյանի համագործակցությունը ձախ եզրում։ Մարզիչը դրական է արտահայտվել երկու ֆուտբոլիստների խաղի վերաբերյալ, սակայն նշել է, որ Շաղոյանը միշտ չէ, որ կայուն է հանդես գալիս։ Մելիքյանը ֆուտբոլիստի հաջող խաղը տվյալ հանդիպման ընթացքում կապել է իր կիրառած մարզչական մեթոդների հետ։

Այնուհետև նա դիմել է ակումբների մարզիչներին՝ ընդգծելով, որ ակումբում աշխատելու տարիներին երբեք հրապարակայնորեն չի միջամտել ազգային հավաքականի գործերին, նույնիսկ այն դեպքերում, երբ համաձայն չի եղել հավաքականի մարզչի որոշումների հետ։ Մելիքյանը նույն մոտեցումն է ակնկալել նաև Տուլիպայից։

«Քիթը թող մյուս անգամ չմտցնի իմ գործերի մեջ, թող զբաղվի իր գործերով»,- հայտարարել է Մելիքյանը՝ ընդգծելով, որ հավաքականում ֆուտբոլիստների հետ աշխատելու ձևն ինքն է որոշում։

Նրա խոսքով՝ ֆուտբոլիստի՝ ակումբ վերադառնալուց հետո աշխատանքի մեթոդներն արդեն ընտրում է ակումբի մարզիչը։

Ակումբների հետ իր համագործակցության օրինակներից Մելիքյանը ներկայացրել է «Նոայի» հետ կապված մի դեպք։ Նրա խոսքով՝ ինքն անձամբ հանդիպում է խնդրել ակումբի գլխավոր մարզչից, վերջինիս հետ քննարկել խնդրո առարկան, սակայն հարցը հրապարակային քննարկման չի դարձրել։ Թե կոնկրետ ինչ հարցի շուրջ է եղել զրույցը, Մելիքյանը չի մանրամասնել։

«Արարատ-Արմենիան» նոյեմբերի 13-ին արձագանքել է հայտարարությամբ՝ «Թեման ցրելու» նուրբ արվեստը վերնագրով։ Ակումբը նշել է, որ Տուլիպան պաշտպանել է իր ֆուտբոլիստին՝ միաժամանակ հորդորելով զսպել հույզերն ու հարգանքով վերաբերվել խաղացողներին։ Շաղոյանի՝ նախորդ հավաքը վաղաժամ լքելու պատասխանատվությունն «Արարատ-Արմենիան» վերագրել է Մելիքյանին։

Ակումբի հայտարարության համաձայն՝ մարզչական շտաբին և Շաղոյանին համատեղ ջանքերով հաջողվել է կարճ ժամանակում հաղթահարել Մելիքյանի՝ հայտարարության մեջ «ոչ կառուցողական» որակված որոշումների հետևանքները։ «Արարատ-Արմենիայում» ֆուտբոլիստի մարզավիճակի վերականգնումն ու ակումբի և ազգային հավաքականի կազմում հաջող ելույթները պայմանավորել են այդ աշխատանքով։

Հայտարարության հեղինակները Մելիքյանին հորդորել են ակումբի համեստությունը թուլության տեղ չդնել և ակումբների հետ չխոսել հրամայական տոնով։

«Արարատ-Արմենիան» հիշեցրել է, որ վերջին տարիներին ազգային հավաքականին ֆուտբոլիստներ տրամադրող հիմնական ակումբներից մեկն է։ Միաժամանակ ակումբը հարց է բարձրացրել՝ արդյոք հավաքականի վերջին ելույթների ֆոնին անհրաժեշտ էր ասուլիսի ընթացքում անդրադառնալ Տուլիպայի խոսքերին։

«Ստացվում է՝ սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»,- եզրափակել է ակումբը։

Մելիքյանը 2025 թվականի նոյեմբերին ներողություն էր խնդրել երկրպագուներից՝ 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի անհաջող ելույթի համար։ Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկությունում Հայաստանը պարտվել է Չեռնոգորիային (2։3) և Կիպրոսին (0։2), իսկ պատասխան հանդիպումներում երկու թիմերի հետ էլ ոչ-ոքի է խաղացել՝ համապատասխանաբար 0։0 և 1։1 հաշվով։ Հինգ խաղից հետո Հայաստանի հավաքականը հինգ միավորով երրորդն է C2 խմբում։

Մելիքյանի՝ 2025 թվականի օգոստոսին գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո պաշտպան Վարազդատ Հարոյանը հայտարարել էր հավաքականում կարիերան ավարտելու մասին։ Նա որոշումը բացատրել էր Մելիքյանի հետ նախկինում աշխատելու բացասական փորձով։ 2026 թվականի սեպտեմբերին՝ Չեռնոգորիայից կրած պարտությունից հետո, Մելիքյանը հրապարակայնորեն քննադատել էր Ժիրայր Շաղոյանի խաղը՝ ասելով, որ ֆուտբոլիստը չի կատարել պաշտպանությունում իրեն տրված առաջադրանքը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  2. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  3. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
  4. «Նոյ» գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցներին կառավարությունից պատասխան են խոստացելՆոյեմբերի 16
  5. Գյումրիում գազի բալոնի պայթյունի հետևանքով երկու մարդ է հոսպիտալացվելՆոյեմբերի 14
  6. Դեմ եմ անձնական կյանքին միջամտելուն․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասինՆոյեմբերի 17
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+