Հայաստանի ազգային հավաքականը Երևանում ոչ-ոքի է խաղացել Կիպրոսի հավաքականի հետ ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի 2-րդ խմբի 5-րդ տուրում, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Հանդիպումը նոյեմբերի 12-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում մեկնարկել է Երևանի ժամանակով 21:00-ին և ավարտվել 1։1 հաշվով։
Հյուրերը բացել են հաշիվը խաղի 9-րդ րոպեին․ Յասոնաս Պիկիսը գրավել է հայկական հավաքականի դարպասը՝ Իոաննիս Պիտասի փոխանցումից հետո։ Առաջին խաղակեսն ավարտվել է Կիպրոսի առավելությամբ՝ 0։1։
58-րդ րոպեին հաշվի հավասարությունը վերականգնել է Արթուր Ղարիբյանը։
Արդյունքում Հայաստանը 5 միավորով մնում է խմբի երրորդ տեղում, Կիպրոսը 8 միավորով երկրորդն է։ Մինչ այդ հայկական հավաքականը չորս տուրում հավաքել էր 4 միավոր․ 2։0 հաշվով հաղթել էր Լատվիային, պարտվել էր Մոնտենեգրոյին (2։3) և Կիպրոսին (0։2) և ոչ-ոքի էր խաղացել Մոնտենեգրոյի հետ (0։0)։
Հանդիպմանը չի մասնակցել հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը․ նա վնասվածքի պատճառով բաց է թողնելու նոյեմբերյան երկու խաղերը։
Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 15-ին, վերջին տուրի շրջանակում, մրցակցի հարկի տակ կհանդիպի Լատվիայի թիմի հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







