Իրանը չի պատրաստվում երկրից դուրս բերել հարստացված միջուկային նյութերը, հայտնել է Reuters-ը՝ հղում անելով Al Mayadeen հեռուստաալիքին։ Այս մասին նոյեմբերի 11-ին այդ ալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։
«Հարստացված միջուկային նյութի ոչ մի մասնիկ չի լքի Իրանը»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Թեհրանն արդեն տեղեկացրել է ռուս ընկերներին, որ հարստացված նյութերը կմնան Իրանում, և երկիրը դրանք կօգտագործի ինքը։ Ռեզային պարզաբանել է, որ դրանք անհրաժեշտ են միջուկային էներգիայով աշխատող նավերի և սուզանավերի նախագծման համար։
Անդրադառնալով ԱՄՆ-ի հետ հակամարտությանը՝ նա ասել է, որ ամերիկյան նոր հարձակման դեպքում Իրանը պատասխան հարվածներ կհասցնի նաև հեռավոր ամերիկյան ռազմաբազաներին։ Ռեզային Մերձավոր Արևելքի բոլոր ճակատներում, հատկապես Լիբանանում, պատերազմի դադարեցումը ներկայացրել է որպես Թեհրանի հիմնական պայմաններից մեկը։ Նա նաև ասել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև այժմ բանակցություններ չեն ընթանում։
Ռեզային ազգային անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել օգոստոսին և անցյալ շաբաթ Կրեմլում հանդիպել է Պուտինի հետ։ Ռուսաստանը նախկինում առաջարկել է Իրանից հանել ուրանը՝ ԱՄՆ-ի մտահոգությունները մեղմելու հնարավոր համաձայնագրի շրջանակում, սակայն ասել է, որ դա որոշելու է Թեհրանը։ Վաշինգտոնը պնդում է, որ միջուկային հարցը պետք է ընդգրկվի ցանկացած նախնական բանակցության մեջ։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գնահատմամբ՝ 2025 թվականի հունիսին Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման պահին Իրանն ունեցել է 60%-ով հարստացված 440,9 կգ ուրան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







