ՆԱՏՕ-ն հրաժարվել է 2027 թվականին Ալբանիայում նախատեսված առաջնորդների գագաթնաժողովն անցկացնելուց և կրճատում է բարձր մակարդակի հանդիպումների թիվը՝ դաշինքի ներսում պաշտպանական ծախսերի, Իրանում պատերազմի և Ուկրաինայում հակամարտության հարցերի շուրջ տարաձայնությունների ֆոնին, հայտնում է Associated Press (AP) գործակալությունը։
Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հայտարարել է, որ դաշնակիցները դեռ չեն համաձայնեցրել գագաթնաժողովի անցկացման ժամկետները, սակայն 2027 թվականին այն հաստատ տեղի չի ունենա։ Նրա խոսքով՝ եթե հանդիպումը կազմակերպվի 2028 թվականին, այն կանցկացվի Տիրանայում։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն AP-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ դաշինքը ճկուն մոտեցում է ցուցաբերում գագաթնաժողովների կազմակերպմանը և դրանք անցկացնում ըստ անհրաժեշտության։ Նա չի հստակեցրել, թե երբ տեղի կունենա առաջնորդների հաջորդ հանդիպումը։
ՆԱՏՕ-ն նաև կրճատում է նախարարական հանդիպումների թիվը։ Պաշտպանության նախարարների նիստը, որն ավանդաբար անցկացվում է հոկտեմբերին, 2026 թվականին տեղի չի ունեցել և նախատեսված չէ նաև 2027 թվականի հոկտեմբերին։ Արտաքին գործերի նախարարները հաջորդ տարի երկու հանդիպման փոխարեն կանցկացնեն միայն մեկը։ Դաշինքում այս փոփոխություններն անվանել են «վերակազմակերպման միջոցառումների փաթեթի» մաս։
AP-ի տեղեկություններով՝ ՆԱՏՕ-ի որոշ երկրներ անբավարար են համարում Ալբանիայի պաշտպանական ծախսերը, որոնք 2026 թվականին, կանխատեսումների համաձայն, կկազմեն ՀՆԱ-ի 2,15%-ը։ Մինչև 2035 թվականը դաշինքի պետությունները պետք է հիմնական պաշտպանական ծախսերը հասցնեն ՀՆԱ-ի 3,5%-ի և ևս 1,5% հատկացնեն պաշտպանության հետ կապված ենթակառուցվածքներին։
Լրացուցիչ գործոն են դարձել գագաթնաժողովների անցկացման համար պահանջվող զգալի ֆինանսական և քաղաքական ծախսերը։ Մասնավորապես, 2025 թվականին Հաագայում հանդիպման կազմակերպումը պահանջել է շուրջ 100 միլիոն դոլար և մեկ տարվա նախապատրաստական աշխատանք։
Փորձագետները չեն բացառում, որ ՆԱՏՕ-ն կարող է հրաժարվել առաջնորդների ամենամյա հանդիպումներից, քանի որ պաշտպանական ծախսերի ավելացման և ռազմական ներուժի զարգացման վերաբերյալ հիմնական որոշումներն արդեն ընդունվել են։ Արտակարգ իրավիճակի դեպքում դաշինքը կարող է գագաթնաժողով կազմակերպել հեռավար ձևաչափով։
ԱՄՆ-ի և եվրոպական դաշնակիցների միջև տարաձայնությունները վերաբերում են, մասնավորապես, Իրանի դեմ պատերազմին։ Ապրիլին Վաշինգտոնի՝ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները հրաժարվել էին մասնակցել Հորմուզի նեղուցի շրջափակմանը։ Մեծ Բրիտանիան և եվրոպական մի շարք պետություններ հանդես էին եկել դիվանագիտական կարգավորման և ռազմական գործողությունների դադարեցումից հետո նավագնացության վերականգնման օգտին։
Հուլիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ հայտարարել էր Իրանի հետ հրադադարի դադարեցման մասին՝ Հորմուզի նեղուցում առևտրային նավերի դեմ հարձակումներից հետո։
Տարաձայնությունների առարկա էր դարձել նաև գործընկեր երկրների մասնակցությունը դաշինքի միջոցառումներին։ Հուլիսին Վրաստանն առաջին անգամ չէր հրավիրվել Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի միջոցառումներին, ինչը քննադատություն էր առաջացրել վրացական ընդդիմության և նախկին դիվանագետների շրջանում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







