«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմը հայտարարել է, որ բժիշկներին թույլ են տվել մուտք գործել քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ) միայն Գևորգյանի մահվանից հետո։
Փաստաբանների տվյալներով՝ Գևորգյանի ինքնազգացողությունն ակնհայտ վատացել է, սակայն նրան զննել է ՔԿՀ-ի բուժակը, ոչ թե բժիշկը։ Նրանք պնդել են, որ շտապօգնությունը ժամանակին չի կանչվել, իսկ Գևորգյանին անհրաժեշտ բժշկական օգնության հասանելիությունը չի ապահովվել։
«Բժշկի կողմից Գևորգյանին բժշկական օգնություն չի ցուցաբերվել, դրա հասանելիությունը չի ապահովվել։ Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո»,- ասված է փաստաբանական թիմի հայտարարության մեջ։
Փաստաբանները նաև հայտարարել են, որ Գևորգյանի նկատմամբ հոկտեմբերի 23-ից քաղաքական հետապնդում է իրականացվել։ Նրանց գնահատմամբ՝ երկամսյա կալանքի կիրառման անհրաժեշտությունը բացակայել է, քանի որ նախաքննությունն ավարտվել է շուրջ 15 օրում։
«Բացահայտված հանգամանքները մարդու իրավունքների լուրջ խախտումների կասկածներ են առաջացնում և դրանք պետք է մանրակրկիտ, անկախ ու անաչառ քննության ենթարկվեն»,- ընդգծել են փաստաբանները։
Նրանք հայտնել են, որ հետևողական են լինելու Գևորգյանի մահվան հանգամանքների պատշաճ քննությանը։
Գևորգյանը մահացել էր նոյեմբերի 10-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Քրեակատարողական ծառայության տվյալներով՝ նրա ինքնազգացողությունը վատացել է, ինչից հետո բուժօգնություն է ցուցաբերվել։ Ծառայությունը հայտնել էր, որ շտապօգնություն է կանչվել ժամը 7։55-ի սահմաններում, իսկ ժամը 8։30-ի սահմաններում արձանագրվել է Գևորգյանի մահը։
Գևորգյանի մահվանից հետո 13 ընդդիմադիր քաղաքական ուժ իշխանություններին մեղադրել է քաղաքական հաշվեհարդարի մեջ՝ Գևորգյանի մահը համարելով քաղաքական հետապնդման հետևանք։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հերքել էր քաղաքական հետապնդումների մասին պնդումները։ Նա հայտնել է, որ Գևորգյանի մոտ սրտի կանգ է արձանագրվել։ Քննչական կոմիտեն ավելի ուշ քրեական վարույթ էր նախաձեռնել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







