Հայ խառը մարտարվեստների մարտիկ Մելսիկ Բաղդասարյանը միացել է «Կատանա» (Katana) ֆիլմի դերասանական կազմին, որի գլխավոր դերը կխաղա Ժան-Կլոդ Վան Դամը, գրում է Comingsoon-ը։
Ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը ֆրանսիացի պրոդյուսեր Ջերեմի Զագն է, որը հայտնի է որպես «Լեդի Բագ և Սուպեր Կատու» (Miraculous Ladybug) անիմացիոն ֆրանշիզայի հեղինակ։
Սյուժեի կենտրոնում մարտարվեստների աշխարհի նախկին չեմպիոնն է, որը դստեր դաստիարակության համար հրաժարվել է հանցավոր անցյալից։ Երբ աղջկան առևանգում են, հերոսը մեկնում է Ճապոնիայի հանցավոր աշխարհ և առճակատվում յակուձայի հետ։
Նկարահանումները կանցկացվեն 2027 թվականի ապրիլ–հունիսին Ճապոնիայում, Ֆրանսիայում և Լոս Անջելեսում։ Ֆիլմի թողարկման ամսաթիվը չի հայտարարվել։
Մելսիկ Բաղդասարյանը խառը մարտարվեստների հայ մարտիկ է, ծնվել է Երևանում և հանդես է գալիս UFC-ում կիսաթեթև քաշային կարգում։ MMA-ից բացի զբաղվում է նաև քիքբոքսինգով և բռնցքամարտով։ Մարզիկի մականունը The Gun է («Ատրճանակ»)։
Բաղդասարյանի քասթինգի մասին առաջինը գրել է ամերիկյան Deadline ոլորտային պորտալը։ Պորտալի տվյալներով՝ Վան Դամի հետ ֆիլմում կնկարահանվի նաև մուայ-թայի և քիքբոքսինգի ֆրանսիացի չեմպիոն Սիրիլ Բենզակենը։ Արտադրությամբ կզբաղվեն Զագի Division Z ընկերությունը և ճապոնական Wowow Bridge-ը, որի նախագծերի թվում է Tokyo Vice սերիալը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







