Երուսաղեմի Հայկական թաղամասում տեսահսկման տեսախցիկը ֆիքսել է մի կնոջ, որը թքել է Սուրբ Հակոբյանց վանքի մուտքի մոտ, հայտնում է երուսաղեմաբնակ հայ լրագրող Գեղամ Բալյանը, որը տեսագրությունը հրապարակել է X սոցիալական ցանցում։
Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է կինը նայում վանքի ներսը, ապա թքում մուտքի ուղղությամբ։
Իսրայելցի ակտիվիստ Իսկա Խարանին, որը ղեկավարում է Կրոնական ազատության տվյալների կենտրոնը (RFDC), պատմել է միջադեպի վերաբերյալ ոստիկանության արձագանքի մասին։ RFDC-ը պարբերաբար հրապարակում է եռամսյակային զեկույցներ Իսրայելում քրիստոնյաների նկատմամբ հարձակումների մասին։
Բալյանի հաղորդմամբ՝ Խարանին միջադեպի կապակցությամբ դիմել է ոստիկանություն։ Ի պատասխան՝ նրան ասել են, որ տեսագրությունից ակնհայտ իրավախախտում չի երևում, և առանց պաշտոնական բողոքի քննություն սկսել հնարավոր չէ։
Խարանին ոստիկաններին ցույց է տվել բաց գույնի հագուստով կնոջը, որը թքում է վանքի մուտքի ուղղությամբ։ Սակայն, նրա հրապարակած զրույցի վերապատմման համաձայն, ոստիկանները պատասխանել են, որ ձայնագրությունից պարզ չէ՝ ում կամ ինչի վրա է նա թքում։
Բալյանը նաև հիշեցրել է Իսրայելի 1977 թվականի Քրեական օրենքի 170-րդ հոդվածի մասին։ Այն նախատեսում է պատասխանատվություն երկրպագության վայրը կամ կրոնական խմբի համար սրբազան առարկան պղծելու համար՝ համապատասխան կրոնը վիրավորելու մտադրությամբ կամ գիտակցելով, որ արարքը կարող է ընկալվել որպես վիրավորանք։ Այդ հոդվածով նախատեսված առավելագույն պատիժը երեք տարվա ազատազրկումն է։
Սա վանքի մոտ առաջին նման դեպքը չէ։ Օգոստոսի 2-ին Իսրայելի ոստիկանությունը հայտնել է վեց մարդու՝ հինգ անչափահասի և մեկ չափահասի ձերբակալման մասին. նրանք թքել էին վանքի մուտքի վրա, հարվածել դարպասներին և քարեր նետել համալիրի պատին։
Ինչպես գրել էր The Jerusalem Post-ը, դա տեղի է ունեցել գիշերվա ժամը մեկի սահմանում, իսկ քարերը թռել են նաև նկարահանող հայուհու պատուհանի ուղղությամբ։ Հայոց պատրիարքարանը պաշտոնական բողոք էր ներկայացրել, իսկ երեք կասկածյալի նկատմամբ, ոստիկանության տվյալներով, կիրառվել է Հին քաղաք մուտք գործելու արգելք՝ 15 օրով։ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը, ինչպես հայտնում էր All Israel News-ը, խոստացել է «զրոյական հանդուրժողականություն» նման գործողությունների նկատմամբ։
Սեպտեմբերին տեսախցիկները ֆիքսել էին մի տղամարդու, որը փորձել է վանքի արտաքին պատին կարիք հոգալ։ Հոկտեմբերին մի տղամարդ թքել էր մուտքի մոտ և վիրավորել հայ պահակին։
Վանքի մուտքի մոտ թքելու դեպքեր արձանագրվել են նաև նախկինում. RFDC-ի՝ 2026 թվականի ապրիլ-հունիս զեկույցում հիշատակվում են մայիսի 14-ի և հունիսի 1-ի դեպքերը։
RFDC-ի՝ 2026 թվականի հուլիս-սեպտեմբերի տվյալներով՝ այդ ժամանակահատվածում կազմակերպությունը գրանցել է 106 ոտնձգություն՝ 96 միջադեպի շրջանակում։ Երուսաղեմի Հին քաղաքում արձանագրվել է 77 դեպք, որոնցից 45-ը՝ Հայոց պատրիարքարանի փողոցում։
Սուրբ Հակոբյանց վանքը գտնվում է Երուսաղեմի Հայկական թաղամասում և Հայոց պատրիարքարանի նստավայրն է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







