Իսրայելին թույլատրվել է մասնակցել 2026 թվականի «Եվրատեսիլ» երգի մրցույթին, որից հետո Նիդերլանդները, Իսպանիան, Իռլանդիան և Սլովենիան հայտարարել են մրցույթը բոյկոտելու մասին, փոխանցում է The Jerusalem Post-ը։
Եվրոպական հեռարձակողների միությունում Իսրայելի մասնակցության վերաբերյալ քվեարկություն չի անցկացվել, Reuters-ին հայտնել է Եվրոպական հեռարձակողների միության երկու անդամ։ Հայտարարությունից կարճ ժամանակ եվրոպական մի շարք երկրներ հայտնել են, որ չեն մասնակցի մրցույթին։
«Երբ Ռուսաստանն սկսեց իր ներխուժումը, և այն դուրս մղվեց համաշխարհային մրցույթներից ու «Եվրատեսիլ»-ից, ապա նույնը պետք է տեղի ունենա նաև Իսրայելի հետ»,- նշել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։
Ավելի վաղ Իռլանդիան, Իսպանիան, Նիդերլանդները և Սլովենիան հայտարարել էին, որ կբոյկոտեն «Եվրատեսիլը», եթե դրան մասնակցի Իսրայելը: Գերմանիան հայտարարել էր, որ դուրս կգա մրցույթից, եթե Իսրայելը հեռացվի:
Շվեյցարիայի Բազել քաղաքում այս տարվա եզրափակչի ժամանակ երկու անձ փորձել էր ներխուժել բեմ և ներկ լցնել իսրայելցի մասնակից Յուվալ Ռաֆայելի վրա։ Ռաֆայելը մրցույթում գրավել էր երկրորդ տեղը՝ հաղթանակ տանելով հանրային քվեարկության ժամանակ։
«Եվրատեսիլ 2026» երգի մրցույթը տեղի կունենա Ավստրիայի Վիեննա քաղաքում՝ մայիսի 12-ին, 14-ին և 16-ին։






































