Հոնկոնգի կոռուպցիայի դեմ պայքարի անկախ հանձնաժողովը նոյեմբերի 28-ին 8 մարդու է ձերբակալել բնակելի համալիրում բռնկված հրդեհի գործի հետաքննության շրջանակներում, հայտնել է South China Morning Post թերթը։
Գործակալության տվյալներով՝ առավոտյան ձերբակալվել է Will Power Architects Company խորհրդատվական ընկերության 2 տնօրեն, որոնք վերահսկում էին համալիրի աշխատանքները, որտեղ հրդեհ էր բռնկվել: Ձերբակալվել է ևս 6 մարդ, այդ թվում՝ ենթակապալառու ընկերության 2 սեփականատեր, որոնք զբաղվում էին շինարարական աշխատանքներով: Հանձնաժողովի աշխատակիցները նաև խուզարկություններ են իրականացրել 13 գրասենյակում, այդ թվում՝ խորհրդատվական ընկերությունում և ենթակապալառուում՝ առգրավելով տեխնիկական փաստաթղթերը և բանկային քաղվածքները:
Նոյեմբերի 27-ին ձերբակալվել էր Prestige Construction & Engineering Co Limited շինարարական ընկերության 3 աշխատակից, որոնք վերանորոգում էին իրականացնում հրդեհված համալիրում։ Ընկերության 2 տնօրենին և ինժեներ-խորհրդատուին մեղադրում են ոչ կանխամտածված սպանության մեջ։ Հետաքննության տվյալներով՝ վերանորոգման աշխատանքների համար օգտագործվող պաշտպանիչ ցանցերը, բրեզենտն ու պլաստմասե թերթերը, հավանաբար, «չեն համապատասխանել հրդեհային անվտանգության չափանիշներին»:
Նոյեմբերի 26-ին Հյուսիսային Թայ Պո շրջանում 32 հարկանի ութ աշտարակով Wang Fuk Court բնակելի համալիրում հրդեհ էր բռնկվել, որն արագ տարածվել էր: Զոհերի թիվը հասել էր 128-ի, 200 մարդ առավոտվա դրությամբ համարվում է անհետ կորած:





































