ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է 19 երկրից ներգաղթյալներին տրված «Գրին քարտերի» ամբողջական վերանայման մասին: Խոսքը «բարձր ռիսկային երկրների» մասին է, հաղորդում է BBC-ն:
ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայության ղեկավար Ջոզեֆ Էդլոուն նշել է, որ նախագահի հանձնարարականը ենթադրում է «յուրաքանչյուր փաստաթղթի կոշտ ու համապարփակ ստուգում»:
Այդ երկրներն են՝ Աֆղանստանը, Կուբան, Հաիթին, Իրանը, Սոմալին, Վենեսուելան, Մյանման, Չադը, Կոնգոն, Լիբիան և այլն: Ցուցակում ընդգրկվելու հիմքեր են համարվել անվտանգության սպառնալիքները, փաստաթղթերի տրամադրման պատշաճ համակարգի բացակայությունը և վիզային ռեժիմի խախտումների բարձր մակարդակը:
Դեռևս չի հաղորդվում, թե կոնկրետ ինչ եղանակով է իրականացվելու «Գրին քարտի» վերանայումը:
Թրամփը հայտարարել էր, որ իր վարչակազմը կաշխատի ընդմիշտ դադարեցնել միգրացիան «Երրորդ աշխարհի երկրներից»:






































