Սիրիայում կրկին բախումներ են սկսվել կառավարական ուժերի և երկրի հարավային Սուվեյդայի շրջանում բնակվող դրուզների միջև, հաղորդում է Euronews-ը:
Մարտերը տևել են մի քանի ժամ, կիրառվել են անօդաչուներ, ականանետեր և խոշոր տրամաչափի գնդացիրներ, հայտնում են աղբյուրները։ Որևէ տեղեկություն վերահսկողության քարտեզներում փոփոխությունների վերաբերյալ չկա։
Կողմերն իրար են մեղադրում հրադադարը խախտելու համար։ Դրուզների ջոկատները միավորող Ազգային գվարդիայի ներկայացուցիչները պնդում են, որ կառավարական ուժերը միջին և խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծել են Ալ-Մաջալ բնակավայրը։
Դրուզների և սուննի բեդվինների միջև ամռանը ևս բախումներ էին արձանագրվել։ Ավելի ուշ դրանց մասնակցել էին նաև կառավարական ուժերը՝ աջակցելով բեդվիններին։ Բախումների ընթացքում 1300 մարդ էր զոհվել:




































