Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կոչ է արել ՄԱԿ-ին ձեռնարկել «համապատասխան միջոցներ» ԱՄՆ-ի և Իսրայելի նկատմամբ՝ հունիսին Իրանի միջուկային օբյեկտների վրա գործադրված հարվածների կապակցությամբ, հաղորդում է Middleeasteye-ն:
Արաղչին նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ամերիկացի այլ պաշտոնյաներ «հանցավոր պատասխանատվություն» են կրում այդ հարվածների համար, քանի որ Թրամփը նախորդ շաբաթ հայտարարել էր, թե ինքն էր հրահանգել Իսրայելին առաջին գրոհն արձակել Իրանի դեմ հունիսի 13-ին։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին և Անվտանգության խորհրդին ուղղված նամակում Արաղչին նշել է, որ Իսրայելը և ԱՄՆ-ն պետք է պատասխանատվության ենթարկվեն, այդ թվում՝ Թեհրանի վնասների փոխհատուցման համար:
2025 թվականին Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային հարցի շուրջ հինգ փուլ բանակցություններն ավարտվել էին առանց արդյունքի՝ Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության դեմ իրականացվող ռազմական գործողությունների և ամերիկյան զինված ուժերի հարվածների ֆոնին։ Սեպտեմբերի 23-ին Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել էր, որ Վաշինգտոնի հետ երկխոսությունը «չի բխում երկրի ազգային շահերից», քանի որ ամերիկյան կողմը բանակցություններ չի վարում, այլ թելադրում է սեփական պայմանները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







