Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին The Guardian-ին տված հարցազրույցում իր հարաբերություններն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բնութագրել է որպես «նորմալ», հայտարարել է, որ նրանից չի վախենում ու նաև հերքել տեղեկությունները, թե իրենց հոկտեմբերյան հանդիպումն Սպիտակ տանը լարված է անցել։
Financial Times-ը գրել էր, որ հոկտեմբերի 17-ի բանակցությունների ընթացքում Թրամփը Զելենսկուն կոչ է արել ընդունել Ռուսաստանի պայմանները՝ առևտրային կարգավորման համար, սպառնալով, որ հակառակ դեպքում Ուկրաինային «սպասվում է կործանում», ու մերժել էր ճակատային գծի քարտեզները։ Ուկրաինայի առաջնորդի խոսքով՝ նման բան տեղի չի ունեցել, հանդիպումն անցել է այլ կերպ:
Զելենսկին հավելել է, որ ուկրաինական պատվիրակությունն ԱՄՆ-ում երեք ցուցանակ է տեղադրել, որտեղ ներկայացված են միջոցներ, որոնք նախատեսված են «թուլացնելու» Մոսկվային և ստիպելու բանակցությունների սեղան նստել, այդ թվում՝ զենքի մատակարարումները և պատժամիջոցները։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ «աշխարհում բոլորը վախենում են Թրամփից»։ Հարցին, թե արդյոք դա վերաբերո՞ւմ է իրեն, Զելենսկին պատասխանել է. «Ոչ, մենք Ամերիկայի թշնամիները չենք։ Մենք ընկերներ ենք։ Հետևաբար՝ ինչի՞ց պետք է վախենանք»:
Թրամփը բազմիցս նշել է, որ լավ հարաբերություններ ունի և՛ Զելենսկու, և՛ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վերջին անգամ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց էին ունեցել հոկտեմբերի 16-ին, որից հետո համաձայնվել էին Բուդապեշտում երկրորդ երկկողմ հանդիպում անցկացնել։ Շուտով Թրամփը հայտարարել էր, որ հանդիպումը չեղարկել է, ըստ նրա՝ մինչև «պահանջվող նպատակին չհասնելը»։ Պուտինը նշել էր, որ հանդիպումն ավելի շուտ հետաձգվել է, քան չեղարկվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







