ԱՄՆ և Չինաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Սի Ծինփինը հանդիպել են Հարավային Կորեայում և պայմանավորվել տուրքերը նվազեցնելու մասին, հայտնել է BBC-ն:
Հանդիպումը տևել է շուրջ երկու ժամ՝ ավելի երկար, քան նախատեսված էր արձանագրության համաձայն։ Հիմնական ուշադրությունը կենտրոնացել է երկու երկրների խոշորագույն տնտեսությունների միջև առևտրի և տնտեսական համագործակցության հարցերի վրա:
Հանդիպումից հետո Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում ֆենտանիլի մատակարարումների պատճառով նախկինում Չինաստանի ապրանքների վրա կիրառված տուրքերի անմիջական կրճատման մասին՝ 20%-ից իջեցնելով 10%-ի։ Այսպիսով՝ Չինաստանից ներմուծման ընդհանուր տուրքային շեմը նվազում է 57%-ից մինչև 47%։
Այս որոշումն առևտրային լարվածությունը մեղմելու առաջին քայլն է, որն սկսվել էր գարնանը, երբ Վաշինգտոնը նոր տուրքեր էր սահմանել գրեթե 180 երկրի վրա, ապա Չինաստանը պատասխանել էր հայելային քայլերով՝ բարձրացնելով ամերիկյան ապրանքների տուրքերը մինչև 125%։
































