ԱՄՆ-ն կկարողանա Ուկրաինային մատակարարել միայն մինչև 50 Tomahawk հրթիռ, հայտարարել է CNAS վերլուծական կենտրոնի պաշտպանական ծրագրի տնօրեն Սթեյսի Փեթիջոն, գրում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով Financial Times-ը։
«Վաշինգտոնը կարող է Կիևին հատկացնել 20-50 Tomahawk հրթիռ, ինչը վճռորոշ ազդեցություն չի ունենա պատերազմի դինամիկայի վրա»,- նշում է հրատարակությունը։
Պենտագոնի նախկին պաշտոնյա Մարկ Կանսիանն էլ նշել է, որ Միացյալ Նահանգներն ունի այդ հրթիռներից 4150-ը։ Սակայն Վաշինգտոնը, հավանաբար, կկարողանա Կիևին մատակարարել միայն մի քանիսը։
Մասնագետները կարծում են, որ դա պայմանավորված է նրանով, որ 2022 թվականից ի վեր գնված 200 հրթիռներից ավելի քան 120-ն արդեն ծախսվել է, իսկ 2026 թվականի բյուջեն նախատեսում է ֆինանսավորել միայն 57 հրթիռ։
Ավելին, նշում է թերթը, ԱՄՆ-ին նման զենք կարող է անհրաժեշտ լինել «Վենեսուելային հարվածելու համար»։
Ավելի վաղ Կրեմլից հայտարարել էին, որ Tomahawk հրթիռների արձակումը կպահանջի ամերիկացի մասնագետների մասնակցություն, ուստի այդ հրթիռների հնարավոր մատակարարումը Կիևին կարող է վատ ավարտ ունենալ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 6-ին հայտարարել էր, որ փաստացի որոշում է կայացրել Կիևին Tomahawk հրթիռներ փոխանցելու հնարավորության վերաբերյալ, բայց չէր նշել, թե ինչ է ենթադրում այդ որոշումը։






































