Մոլդովայի ընտրություններում նախագահ Մայա Սանդուի առաջնորդած եվրոպամետ «Գործողությունների և համերաշխության կուսակցությունը», նախնական տվյալներով, ստացել է ձայների մեծամասնությունը՝ 48%-ը, հաղորդում է Euronews-ը:
Ձայների շուրջ 97%-ի հաշվարկից հետո կուսակցությունն ապահովում է 101 մանդատներից 54-ը՝ նախորդ խորհրդարանում ունեցած 61 մանդատի դիմաց։
Ռուսամետ «Հայրենասերների ընտրական բլոկը» հավաքել է քվեների 25,6%-ը, «Այլընտրանք» դաշինքը՝ 8,3%, իսկ «Մեր կուսակցությունն» ստացել է 6,3%։ Աջակողմյան «Ժողովրդավարությունը տանը» կուսակցությունը հավաքել է 5,7%։
Խորհրդարանում տեղերի համար պայքարում էր 14 կուսակցություն, 4 դաշինք և 4 անկախ թեկնածու։
Մոլդովայի խորհրդարանն ունի 101 պատգամավոր: Ընտրություններից հետո երկրի նախագահը կնշանակի նոր վարչապետ, իսկ առաջադրվող կառավարությունը պետք է ստանա խորհրդարանի հավանությունը։
Դիտորդները տեղեկացրել էին ընտրություններում 600-ից ավելի խախտումների, իսկ իրավապահ մարմինների տվյալներով՝ ոստիկանությանը հաղորդվել էր ավելի քան 200 խախտման մասին։






































