Եվրոպական մի շարք երկրներ, հետևելով Ֆրանսիայի օրինակին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում անցկացված երկու պետությունների ստեղծման որոշմանը նվիրված բարձր մակարդակի միջազգային համաժողովի ընթացքում հայտարարել են Պաղեստին պետության ճանաչման մասին, փոխանցում է CNN-ը։
Պաղեստինը ճանաչել են նաև Բելգիան, Մոնակոն, Լյուքսեմբուրգը և Մալթան։
Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան և Պորտուգալիան պաշտոնապես ճանաչել էին Պաղեստինը մեկ օր առաջ։
Պաղեստին պետությունը ճանաչած երկրների թիվն այս պահին գերազանցել է 145-ը։
Համաժողովում ելույթ ունենալով՝ Մոնակոյի իշխան Ալբեր II-ը նշել է, որ երկիրը հաստատում է «Իսրայելի գոյության անսասան աջակցությունը» և ճանաչում է Պաղեստինը «որպես պետություն՝ համաձայն միջազգային իրավունքի»։ Նա ընդգծել է «հավասարակշռված և երկարաժամկետ» լուծման կարևորությունն Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հակամարտությունում։
Իր հերթին՝ Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենը Պաղեստինի ճանաչումն անվանել է «հույսի, դիվանագիտության և երկու պետությունների ստեղծման որոշման նկատմամբ հանձնառություն»։
Բելգիայի վարչապետ Բարտ Դե Վևերը հայտարարել է, որ իր երկիրը ճանաչում է Պաղեստինը՝ հղելով «հզոր քաղաքական և դիվանագիտական ազդակ», սակայն այս ճանաչումն ուժի մեջ կմտնի, երբ բոլոր պատանդներն ազատ արձակվեն, և ՀԱՄԱՍ-ը հեռացվի Պաղեստինի կառավարման գործընթացից։
«Դիվանագիտական հարաբերությունների արդյունավետ հաստատումը նոր Պաղեստին պետության հետ, այդ թվում՝ Բելգիայի դեսպանատան բացումը և միջազգային համաձայնագրերի կնքումը, կիրականացվի Նյու Յորքի հռչակագրի նպատակների իրագործումից հետո»,- հավելել է Դե Վևերը։
Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլին հայտարարել է, որ Կահիրեն մտադիր է անցկացնել Գազայի հատվածին նվիրված միջազգային համաժողով՝ հրադադարի հասնելուց հետո, որն ուղղված կլինի անկլավի վերականգնմանը։
Համաժողովի սկզբում վիդեոուղերձով հանդես է եկել Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը՝ հայտարարելով, որ ՀԱՄԱՍ-ը ապագայում չպետք է որևէ դեր խաղա Գազայի հատվածի կառավարման մեջ և կոչ արել շարժմանը դնել զենքը։
Նա ներկայացրել է իր հանձնառությունը՝ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու մասին հակամարտության ավարտից հետո, ինչպես նաև հայտնել երեք ամսվա ընթացքում ժամանակավոր Սահմանադրություն պատրաստելու մտադրության մասին՝ իշխանության փոխանցումն ապահովելու համար։
Պաշտոնական Փարիզը սեպտեմբերի 22-ին ճանաչել էր Պաղեստին պետությունը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել էր, որ Ֆրանսիան կարող է Պաղեստինում դեսպանություն բացել իսրայելցի պատանդներին ազատ արձակելուց հետո:





































