Գազայի ավելի քան 450 000 բնակիչ լքել է քաղաքն Իսրայելի խոշոր հարձակման նախօրեին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ, բրիգադի գեներալ Էֆի Դեֆրիին։
«Ներկայումս գնահատվում է, որ ավելի քան 450 000 բնակիչ տարհանվել է հարավ»,- ասել է նա։
Խոսնակը նշել է, որ տարհանումը տեղի է ունենում երկու միջանցքով, որոնցից մեկը ձգվում է ծովի երկայնքով: Մինչև մարտական գործողությունների սկսվելը Գազա քաղաքի բնակչությունը հասնում էր 1 մլնի։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն, իր հերթին, հայտարարել է, որ Իսրայելը, Գազա քաղաքում ընդլայնված ցամաքային գործողություն սկսելով, հրաժարվել է այնտեղ պահվող պատանդներին ազատելու գաղափարից։
«Ձեր գերիները գտնվում են քաղաքի տարբեր շրջաններում, և քանի որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն որոշել է սպանել նրանց բոլորին, մենք չենք ձգտի խնայել նրանց կյանքը։ Գազայում գործողության մեկնարկը և դրա ընդլայնումը նշանակում է, որ դուք չեք ստանա որևէ պատանդ՝ ո՛չ ողջ, ո՛չ մահացած. նրանք բոլորը կարժանանան նույն ճակատագրին, ինչ [իսրայելցի օդաչու] Ռոն Արադը, որը անհետ կորել է 37 տարի առաջ», - ասվում է հայտարարության մեջ։
Իսրայելի վարչապետը սեպտեմբերի 8-ին հայտարարել էր, որ Իսրայելը լայնածավալ ցամաքային գործողություն է սկսելու: Նեթանյահուն կոչ էր արել լքել Գազան, այնուհետև մեկնարկել էր ցամաքային հարձակումը Գազա քաղաքի խորքերը:





































