Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման հնարավորությունը, եթե այն լավ կազմակերպված լինի, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրել է ТАСС գործակալությունը։
Պեսկովը հիշեցրել է Պուտինի դիրքորոշումը․ «Նա չի բացառում նման հանդիպման անցկացման հնարավորությունը, բայց կարծում է, որ ամենաբարձր մակարդակով ցանկացած հանդիպում պետք է լավ պատրաստված լինի, որպեսզի կարողանա ավարտին հասցնել այն աշխատանքը, որը նախ պետք է իրականացվի փորձագիտական մակարդակով»։
Ավելի վաղ Պեսկովը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր օդային զինադադարի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն էլ, իր հերթին, հայտնել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների միջև հանդիպում առայժմ նախատեսված չէ։ Նա նշել էր, որ Ռուսաստանի առաջնորդը պատրաստ է հանդիպել Զելենսկու հետ, երբ հանդիպման օրակարգը պատրաստ լինի։





































