Վրաստանը ողջունում է այս պատմական պահը Հայաստանի և Ադրբեջանի, տարածաշրջանի և աշխարհի համար, գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն X-ի իր միկրոբլոգում։
«Շնորհավորում ենք Թրամփին, Ալիևին և Փաշինյանին այս հաջողության, խաղաղության համաձայնագրի և տարածաշրջանում կայունության ու տնտեսական զարգացման նոր դարաշրջանի բացման կապակցությամբ»,- գրել է նա:
Կոբախիձեն նշել է, որ Վրաստանը միշտ պաշտպանել է տարածաշրջանային խաղաղությունն ու համագործակցությունը և շարունակելու է վճռականորեն աջակցել այս մոտեցմանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ալիևը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ օգոստոսի 9-ին Վաշինգտոնում ստորագրել են խաղաղությանը ձգտելու մասին (Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի համատեղ) հռչակագիրը, որով կողմերը համաձայնել են ապաշրջափակել Հայաստանի Սյունիքի մարզով անցնող ճանապարհը «Թրամփի երթուղի հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» (TRIPP) ծրագրի շրջանակում։
Դրանից զատ, Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը:





































