Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Համաձայնագրի նախագիծը կողմերը համաձայնեցրել էին մարտ ամսին։
Նշվում է, որ Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությամբ համաձայնագրի նախաստորագրված տեքստը երկուշաբթի՝ օգոստսի 11-ի երեկոյան, կհրապարակվի:
Նախարարները ստորագրել են նաև ԵԱՀԿ-ին համատեղ դիմումը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացների և առնչվող կառույցների փակման վերաբերյալ։
«Հիրավի պատմական պահ է խաղաղության համար։ Նշանակալի և խորհրդանշական օր Հայաստանի Հանրապետության, տարածաշրջանի և աշխարհի համար։ Այսօր մենք նաև հայտարարում ենք ավելի ամուր փոխկապակցվածության, բարօրության և մեր սերունդների համար ավելի ապագայի մասին», - նշել է Միրզոյանն X-ի հարթակում իր գրառման մեջ:
Փաշինյանը և Ալիևը Թրամփի միջնորդությամբ օգոստոսի 9-ին Վաշինգտոնում ստորագրեցին խաղաղությանը ձգտելու մասին (Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի համատեղ) հռչակագիրը` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին, որով կողմերը համաձայնեցին ապաշրջափակել Հայաստանի Սյունիքի մարզով անցնող ճանապարհը «Թրամփի երթուղի հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» (TRIPP) ծրագրի շրջանակում։






































