Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իրեն անհանգստացնում են ֆրանսիական դպրոցներում օտար լեզուների դասավանդման ծրագրերը, որոնք կազմակերպվում են տվյալ համայնքների կողմից ու չեն վերահսկվում պետության կողմից: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Մակրոնը նշել է, որ իրեն անհանգստացնում է այն, որ պետությունը չի կարողանում վերահսկել հանրապետական դպրոցներում դասավանդվող ծրագրերը։
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ ներկայիս ծրագրերով ուսուցանումը դադարեցնելու նպատակով իրենք երկար ժամանակ բանակցություններ են վարում այն երկրների հետ, որոնց պետական լեզուները և մշակույթները ուսուցանվում են Ֆրանսիայում:
Մակրոնը նշել է, որ այս հարցում արդեն համաձայնության են եկել 8 երկրների հետ, սակայն Թուրքիայի հետ շարունակվող ամիսներ տևող բանակցությունները դեռևս արդյունք չեն տվել:
«Ֆրանսիայի ողջ տարածքում 2020-ի սեպտեմբերից դպրոցներում օտար լեզուների ու մշակույթի դասավանդման ծրագրերը չեղարկվելու են»,- ասել է Մակրոնը և ավելացրել,- «Եթե Թուրքիայի հետ համաձայնության չգանք և եթե Թուրքիան չընդունի նոր համակարգը, ապա բոլոր դասերը կչեղարկենք»:
Ֆրանսիայի նախագահն անդրադարձել է նաև երկրում գործող մզկիթներում Թուրքիայից, Ալժիրից ու Մարոկոյից գործուղված իմամների (իսլամակն հոգևոր սպասավոր) ծառայությանը: Մակրոնն արձանագրել է, որ պետք է վերջ տալ այդ պրակտիկային:
«Իմ երկրում ապրող թուրքերն իմ աչքում ֆրանսիացի են: Ուզում եմ, որ նրանք ֆրանսիացի լինեն: Ուզում եմ, որ նրանք ունենան բոլոր այն իրավունքները, որոնք ունեն ֆրանսիացիները, բայց նաև ենթարկվեն տեղի օրենքներին: Թուրքիայի օրենքներն այստեղ չեն կարող գործել»,- ասել է Մակրոնը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






