Վերջին շրջանում Սիրիայում լարված մթնոլորտն ավելի է թեժացել թուրքական զինուժի և Սիրիայի կառավարական զորքերի միջև: Կողմերը չեն դադարում մեկը մյուսին սպառնալ պատասխան ռազմագործողություններով:
Այս ամենի ֆոնին Թուրքիան շարունակում է լրացուցիչ զինտեխնիկա ուղարկել Սիրիայի իր դիտակետեր, հայտնում է ermenihaber-ը։
Սիրիայի Իդլիբ նահանգի հարավային և արևելյան շրջաններ թուրք զինվորականներ ուղարկելու և զինտեխնիկան համալրելու նպատակն է «պաշտպանել իր դիտակետերը Սիրիայում և կանխել փախստականների հոսքը դեպի Թուրքիա»:
Համաձայն թուրքական կողմի հայտարարությունների՝ զրահատեխնիկայով բեռնված ավտոշարասյունն արդեն հատել է թուրք-սիրիական սահմանը:
Հիշեցնենք, որ Սիրիայի Իդլիբ նահանգում վերջին 2 շաբաթվա ընթացքում Սիրիայի կառավարական բանակի հրետակոծության հետևանքով թուրքական բանակի 13 զինծառայող է սպանվել:
Սիրիական կողմը հայտարարել էր, որ Հալեպից սիրիական բանակի ստորաբաժանումներն ու ազգային պաշտպանության ուժերի ջոկատները կիրակի վերահսկողություն են հաստատել Հալեպից արևմուտք և հյուսիս գտնվող 28 բնակավայրի նկատմամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






