ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ չեզոքացրել է դեմոկրատ կոնգրեսական Ալ Գրինի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ իմփիչմենթի գործընթաց սկսկելու նախաձեռնությունը՝ կապված Իրանին ամերիկյան զինված ուժերի հարվածների հետ, հայտնում է Associated Press-ը:
Չնայած գրոհի հետ կապված բազմաթիվ օրենսդիրների դժգոհությանը՝ կոնգրեսականներից 344-ը (բոլոր հանրապետականներն ու 128 դեմոկրատները) դեմ են քվեարկել իմփիչմենթի գործընթաց սկսելու նախաձեռնությանը, միայն 79 դեմոկրատ է աջակցել այդ որոշմանը:
Գրինն ամիսներ շարունակ փորձում էր քվեարկություն նախաձեռնել Թրամփի իմփիչմենթի հարցով՝ քննադատելով նրա արտաքին և ներքին քաղաքական գործունեությունը։ Հունիսի 24-ին դեմոկրատը բանաձև է ներկայացրել՝ պահանջելով պետության ղեկավարի իմփիչմենթը՝ հայտարարելով, որ նա Կոնգրեսից թույլտվություն չի խնդրել Իրանի երեք միջուկային օբյեկտին հարվածներ հասցնելու համար: Թրամփի առաջին նախագահական ժամկետի ընթացքում ևս օրենսդիրը բազմիցս ներկայացրել էր պետության ղեկավարի իմփիչմենթի պահանջ։
Ապրիլին դեմոկրատ կոնգրեսական Շրի Թանեդարը Թրամփի իմպիչմենթի պահանջով բանաձև էր ներկայացրել՝ ԱՄՆ նախագահին յոթ մեղադրանք առաջադրելով։
Հանրապետական կուսակցությունը, որն աջակցում է Թրամփին, ներկայումս մեծամասնություն ունի ինչպես Ներկայացուցիչների պալատում, այնպես էլ Կոնգրեսի Սենատում, ինչը գրեթե անհնար է դարձնում պետության ղեկավարի իմփիչմենթի գործընթացը։