Սիրիայի անցումային շրջանի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Անկարայում կքննարկի համատեղ պաշտպանական պայմանագիրը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ ըստ համաձայնագրի՝ Թուրքիան կարող է ավիաբազաներ տեղակայել Սիրիայում, օգտագործել Սիրիայի օդային տարածքը ռազմական նպատակներով և առաջատար դեր ստանձնել սիրիական նոր բանակի նախապատրաստման գործում։
Գործակալության աղբյուրները հայտնել են, որ բազաները Թուրքիային թույլ կտան պաշտպանել Սիրիայի օդային տարածքը ապագա հարձակումների դեպքում: Միաժամանակ, աղբյուրներից մեկը հայտնել է, որ Անկարան ձգտում է բազաներ ստեղծել՝ «որպես ուղերձ» Սիրիայի հյուսիս-արևելքի քրդական ուժերի։
Ինչպես ավելի ուշ հաղորդել են թուրքական լրատվամիջոցները, Էրդողանի հետ բանակցություններից հետո սիրիացի առաջնորդը հայտարարել է Թուրքիայի հետ հարաբերությունները «խորը ռազմավարական համագործակցության» վերածելու Դամասկոսի պատրաստակամության մասին։
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել էր 2011 թվականից։ Զինադադարը խախտվել էր 2024-ի նոյեմբերի 27-ին, երբ սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել երկրի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք մեկ շաբաթվա ընթացքում գրավել էին երկրի բոլոր խոշոր քաղաքները՝ Հալեպը, Համան, Հոմսը և Դամասկոսը: Ավելի ուշ՝ դեկտեմբերին, այս խմբերը ձևավորել էին նոր կառավարություն՝ ներառյալ նոր պաշտպանության նախարարությունը:
«Գանձասար» թերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը Armenia Today-ին հայտնել էր, հայկական համայնքի նկատմամբ նոր իշխանությունների վերաբերմունքը շատ հարգալից է։