Ստամբուլահայ լրագրող, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով վերսկսված դատական լսումների շրջանակներում հուլիսի 7-ին Ստամբուլի դատարանը մերժել է փաստաբանների՝ նախքան սպանությունը Դինքի հետ հանդիպած Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության աշխատակիցներին հարցաքննելու և որպես վկա լսելու պահանջը: Այս մասին տեղեկացնում է Gazete Karınca պարբերականը:
Դինքի գործով 107-րդ դատական նստաշրջանը սկսվել է հուլիսի 7-ին Ստամբուլի 14-րդ դատարանում: Տեղի ունեցած նիստում վկայի կարգավիճակով դատարանը լսել է Fox TV լրատվական գործակալության աշխատակից Սոներ Դաբաղին և Ստամբուլի ժանդարմերիայի աշխատակից Ալի Օքուրին:
Փաստաբան Հաքան Բաքըրչըօղլուն նախկին նիստերից մեկի ժամանակ պահանջ էր ներկայացրել որպես վկա լսել և հարցաքննել Ստամբուլի նահանգապետարանում Դինքի հետ հանդիպած Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության աշխատակիցներին: Դատարանը այն ժամանակ բավարարել էր փաստաբանի պահանջը և գրավոր նամակ-հրավեր էր ուղարկել ծառայությանը, սակայն ծառայության կողմից այդպես էլ պատասխան չէր ստացվել: Հուլիսի 7-ին Բաքըրչըօղլուն կրկին նույն պահանջն է ներկայացրել, սակայն այս անգամ դատարանը մերժել է այն:
Միևնույն ժամանակ, գործը քննող դատավորների կազմը հերթական` 5-րդ անգամ փոխվել է: Դատական նիստը ղեկավարում էր Բարձրագույն քրեական դատարանի նախկին ղեկավար Աքըն Գյուրլեքը:
Դատական նիստերը կշարունակվեն հուլիսի 8-ին և 9-ին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







