Երուսաղեմում 9-ամյա հայ տղայի վրա պղպեղային սփրեյով հարձակման մեջ կասկածվողին բաց են թողել՝ սահմանելով չորսօրյա տնային կալանք և երեխային մոտենալու արգելք՝ մինչև գործի հետագա քննություն, հայտնել է Երուսաղեմի Հայկական թաղամասի փրկության շարժման անդամ Գեղամ Բալյանը։
Հարձակումը տեղի էր ունեցել Յոմ Կիպուրին՝ հուդայականության ամենասուրբ օրը, Մամիլլա առևտրի կենտրոնի մոտ։
Ուիլյամ անունով տղան հեծանիվ էր քշում և երաժշտություն լսում, երբ տղամարդը պահանջել էր անջատել այն։ Երբ երեխան նրան պատասխանել էր անգլերեն, տղամարդը պղպեղային սփրեյը ցողել էր նրա դեմքին։
Իսրայելի ոստիկանության տվյալներով՝ կասկածյալը 22 տարեկան է և բնակվում է Երուսաղեմի մերձակայքում գտնվող Գանեյ Մոդիին ուլտրաուղղափառ բնակավայրում։
Ոստիկանությունն սկզբում փակել էր գործը, սակայն լրատվամիջոցների հրապարակումներից հետո վերսկսել էր քննությունը և սեպտեմբերի 27-ին ձերբակալել տղամարդուն։
«Եթե հայը հարձակվեր հրեա տղայի վրա, Բեն-Գվիրն արդեն նրան բանտ նստեցրած կլիներ»,- հայտարարել է Բալյանը՝ նկատի ունենալով Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրին։
Հարձակումից հետո Ուիլյամը պատմել էր, որ վախենում է դուրս գալ տնից։ Տղայի խոսքով՝ այժմ ամեն անգամ փողոց դուրս գալիս նա հեծանվորդի սաղավարտ է կրում։
Հարցազրույցի ընթացքում երեխան այն չի հանել անգամ տանը։
«Մտածում էի, որ կմեռնեմ»,- պատմել էր Ուիլյամը։
Իսրայելական 13-րդ ալիքի լրագրող Յոսի Էլիի տվյալներով՝ սա արդեն երկրորդ հարձակումն էր տղայի վրա․ առաջին անգամ կողքին հայրն էր, որը պաշտպանել էր նրան։
Բալյանը, որն անձամբ ծանոթ է տղային և նրա ընտանիքին, կատարվածն անվանել է մոլեռանդ ատելության դրսևորում, որին, նրա գնահատմամբ, նպաստում է Իսրայելի կառավարության քաղաքականությունը։ Նա հույս է հայտնել, որ հարձակման քննությունը կհանգեցնի արդար դատաքննության։
Հարձակումը տեղի էր ունեցել Երուսաղեմի Հայկական թաղամասում՝ հայ համայնքի և կրոնական հաստատությունների դեմ վերջին ամիսներին արձանագրված այլ միջադեպերի ֆոնին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







