Երուսաղեմում 9-ամյա հայ քրիստոնյա երեխայի վրա պղպեղային սփրեյով հարձակվելու կասկածով Իսրայելում ձերբակալվել է 22-ամյա տղամարդ, հայտնել է The Times of Israel-ը՝ հղում անելով ոստիկանությանը։
Իրավապահների տվյալներով՝ կասկածյալը ձերբակալվել է սեպտեմբերի 27-ի երեկոյան՝ երկրի հյուսիսում, որտեղ գտնվում էր վերջին մի քանի օրերին։ Նրան տեղափոխել են Երուսաղեմի ոստիկանական բաժին՝ հարցաքննության։ Քննչական գործողությունների արդյունքներից կախված՝ ոստիկանությունը մտադիր է դատարանին խնդրել երկարաձգել նրա կալանքի ժամկետը։
Ոստիկանությունը հայտարարել է, որ առանձնահատուկ լրջությամբ է վերաբերվում անչափահասների նկատմամբ բռնությանը և հալածանքին՝ հատկապես, երբ դրանք ունեն ազգայնական կամ ռասիստական դրդապատճառներ։
Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով՝ նախնական քննությունն ավարտվել էր առանց ձերբակալությունների՝ չնայած տեսախցիկների տեսագրությունների առկայությանը։ Լրատվամիջոցներում հրապարակումների հայտնվելուց հետո ոստիկանությունը վերսկսել է քննչական գործողությունները։
Միջադեպը տեղի էր ունեցել Յոմ Կիպուրի օրը՝ Մամիլա թաղամասում։ Տղան հեծանիվ էր քշում և ականջակալներով երաժշտություն էր լսում։ Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարձակվողը պահանջել էր հանել ականջակալները, ապա երեխայի դեմքին պղպեղային գազ էր ցողել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







