ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները սեպտեմբերի 28-ին միջնորդների հետ առանձին բանակցություններ են անցկացրել՝ յոթ ամիս շարունակվող հակամարտությունը դադարեցնելու նոր փորձի շրջանակում, հայտնել է Reuters-ը՝ հղում անելով երկու երկրի պաշտոնյաներին։
Գործակալության տեղեկություններով՝ հետագա հնարավոր բանակցությունները կկենտրոնանան Իրանի առաջարկած յոթօրյա ծրագրի փոփոխված տարբերակի շուրջ։ Թեհրանն այն ներկայացրել էր անցած շաբաթ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը սպասում է հրադադարի վերաբերյալ իր առաջարկների և Հորմուզի նեղուցով նավարկությունը վերականգնելու պայմանների վերաբերյալ Վաշինգտոնի վերջնական պատասխանին։
«Եթե ամերիկացիները պնդում են, որ համաձայնություն կամ խաղաղ լուծում են փնտրում, մենք այդ լուծումը ներկայացրել ենք»,- ասել է Արաղչին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս հաստատել է, որ ամերիկյան կողմը սեպտեմբերի 28-ին առանձին շփումներ է ունեցել միջնորդների հետ, սակայն դրանց մանրամասները չի հայտնել։
Սեպտեմբերի 23-ին Իրանը և ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում՝ Կատարի միջնորդությամբ, շուրջ երկու ժամ ուղերձներ և պարզաբանումներ էին փոխանակել։ Իրանական կողմը Վաշինգտոնին էր փոխանցել դիվանագիտական գործընթացը վերսկսելու իր պայմանները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







