Իսլանդիայի կառավարությունը չի շարունակելու Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները, հայտարարել է երկրի վարչապետ Կրիստրուն Ֆրոստադոուտտիրը, հայտնել է ՏԱՍՍ-ը։
Հայտարարությունը հնչել է օգոստոսի 29-ին անցկացված հանրաքվեի արդյունքների ամփոփումից հետո։ Հանրաքվեում քվեարկության էր դրվել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները վերսկսելու հարցը։ Վերջին տվյալների համաձայն՝ քվեարկած քաղաքացիների ավելի քան 52%-ը դեմ է արտահայտվել։
Գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ին անդամակցությանը դեմ հանդես եկողները մտահոգություն են հայտնել երկրի ինքնիշխանության հնարավոր թուլացման և ձկնորսության ոլորտում սահմանափակումների առաջացման վերաբերյալ։
Ֆրոստադոուտտիրը նշել է, որ նման հանրաքվեներ չպետք է անցկացվեն ամեն տարի կամ երկու տարին մեկ։ Միևնույն ժամանակ, նա չի բացառել, որ ապագայում ԵՄ-ի հետ բանակցությունների հարցում իրավիճակը կարող է փոխվել։ Նրա խոսքով՝ Իսլանդիան կշարունակի մնալ Եվրոպական տնտեսական տարածքի հուսալի գործընկերը։
Euronews-ի փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովը հանրաքվեի արդյունքներին զուսպ է արձագանքել ։
«Եվրահանձնաժողովը ի գիտություն է ընդունում Իսլանդիայում անցկացված հանրաքվեի արդյունքները։ Հանձնաժողովը հարգում է իսլանդացի ժողովրդի ընտրությունը։ Իսլանդիան շարունակում է մնալ Եվրամիության մերձավոր գործընկերը»,- լրատվամիջոցը մեջբերում է ԵՀ ներկայացուցչի հայտարարությունը։
2009 թվականին Իսլանդիան ԵՄ անդամակցության հայտ էր ներկայացրել, սակայն 2013 թվականին բանակցությունները դադարեցվել էին։ 2015 թվականին երկիրը հրաժարվել էր անդամակցության գործընթացից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







