Իրանի պատվիրակությունը մեկնել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով IRIB-ին։
Նշվում է, որ պատվիրակությունը նախատեսում է Շվեյցարիայում բանակցություններ վարել ամերիկյան կողմի հետ՝ կողմերի փոխըմբռնման հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ։
«Իրանական բանակցային պատվիրակությունը, որն անվանվել է «Մինաբ 168» (ի պատիվ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի Մինաբ քաղաքի վրա հարձակման ժամանակ զոհված աղջիկների դպրոցի աշակերտուհիների՝ խմբ.), մի քանի րոպե առաջ մեկնել է Ցյուրիխ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Պատվիրակության կազմում են խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, Ազգային անվտանգության գերագույն խորհրդի փոխքարտուղար Ալի Բաղերի-Քիանին, Կենտրոնական բանկի կառավարիչ Աբդոլնասեր Հեմմատին, Իրանի ազգային նավթային ընկերության նախագահ Համիդ Բավարը և ուրիշներ։
Ավելի վաղ Իրանի զինված ուժերի հրամանատարությունը հայտարարել էր Հորմուզի նեղուցը բոլոր նավագնացության համար փակելու մասին՝ ի պատասխան հարավային Լիբանանի վրա շարունակվող Իսրայելի հարձակումների։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ այս հարձակումները Միացյալ Նահանգների կողմից խախտում են Թեհրանի և Վաշինգտոնի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի առաջին կետը, որը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։
Ավելի ուշ Իսրայելի իշխանությունները բանակին հրամայել են դադարեցնել կրակը Լիբանանում։ Հրամանագրի համաձայն՝ Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի պահպանել իր դիրքերը Լիբանանի հարավում։
Ապրիլին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ, որից հետո պետք է մեկնարկեին բանակցությունները Պակիստանում, սակայն առաջին փուլը հաջողությամբ չէր ավարտվել։ Հունիսին Իրանը հրապարակել էր ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման 14 կետից բաղկացած հուշագիր, իսկ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել էր, որ ԱՄՆ-Իրան խաղաղության համաձայնագիրը կարող է վերջնականապես կնքվել 24 ժամվա ընթացքում։ Միացյալ Նահանգները և Իրանն ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, սակայն հունիսի 19-ին Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունները հետաձգվել էին։






































