Իրանը հրապարակել է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 14 կետից բաղկացած հուշագիր, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնում է փաստաթուղթը տարածած Mehr լրատվական գործակալությունը։
Փաստաթղթի հիմնական դրույթների համաձայն՝ հուշագիրը նախատեսում է 30 օրվա ընթացքում ծովային շրջափակման վերացում և Իրանի սահմանամերձ գոտիներից ամերիկյան ուժերի դուրսբերում։ Բացի այդ, ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները պետք է ներկայացնեն առնվազն 300 միլիարդ դոլարի չափով Իրանի վերականգնման ծրագրեր։ Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը ներառում է նաև կետ՝ իրանական նավթի և նավթամթերքի վաճառքի դեմ սահմանված պատժամիջոցների կասեցման վերաբերյալ։
Ըստ հրապարակման՝ Իրանն ու ԱՄՆ-ն 60 օրվա ընթացքում բանակցություններ կանցկացնեն միջուկային ծրագրի շուրջ, որոնց արդյունքներով կկնքվի համաձայնագիր։ Ընդ որում՝ 12 միլիարդ դոլարի սառեցված միջոցների ապասառեցումը, շրջափակման վերացումն ու նավթային պատժամիջոցների կասեցումն Իրանի նախապայմաններն են միջուկային հարցերով բանակցություններ սկսելու համար։ Միևնույն ժամանակ, իրանական հրթիռային ծրագրի և տարածաշրջանում «դիմադրության առանցքի» ուժերին աջակցելու հարցերն ԱՄՆ-ի և Իրանի հուշագրի տեքստում ներառված չեն, հայտնում է ԶԼՄ-ն։
Հունիսի 11-ի երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր պատերազմն ավարտելու շուրջ երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին՝ հավելելով, որ փաստաթղթերը գտնվում են նախապատրաստման եզրափակիչ փուլում: ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ Հորմուզի նեղուցը կբացվի ստորագրումից անմիջապես հետո, ինչը կարող է տեղի ունենալ արդեն առաջիկա հանգստյան օրերին։





































