Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը ռազմական արդյունաբերության արտահանողների շարքում զբաղեցնում է 11-րդ տեղը, չի ներխուժում ոչ մեկի տարածք և թույլ չի տա, որ իր իրավունքները խախտվեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք անհավանական բարձունքների ենք հասել պաշտպանության ոլորտում։ Նախորդ ամիս պատմական հաջողության հասանք՝ արտահանելով 996 մլն դոլարի պաշտպանական և ավիատիեզերական արտադրանք։ Աշխարհում 11-րդ խոշորագույն պաշտպանական արտահանողն ենք և այն երկրներից մեկը, որը կարող է միաժամանակ կառուցել մեծ թվով ռազմանավեր։ Մենք կառուցում ենք ավելի քան 50 ռազմանավ՝ բարեկամ և դաշնակից երկրներ արտահանման համար», — ասել է նա Ստամբուլում՝ Ռումինիայի և Թուրքիայի ռազմածովային ուժերին երկու ռազմանավ հանձնելու արարողության ժամանակ։
Նրա խոսքով՝ «Թուրքիայի նպատակը տարածաշրջանում լարվածություն ստեղծելը չէ, այլ խաղաղության, արդարության, անդորրի և կայունության ամրապնդումը»։
Նա նաև նշել է, որ «աշխարհն ապրում է «սառը պատերազմից» ի վեր ամենախորը փոխակերպումներից մեկը, ի հայտ է գալիս անվտանգության նոր մոդել»։
«Մենք ապրում ենք քաոսային ժամանակաշրջանում, երբ նրանք, ովքեր ուժեղ չեն, չեն կարողանում տեղ գտնել բանակցությունների սեղանի շուրջ կամ նույնիսկ կարող են իրենք դառնալ մենյուի մաս»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Նավաշինության ոլորտում, նշել է Էրդողանը, Թուրքիան «արտադրում է տարբեր ապրանքներ՝ ազգային ավիակիրից մինչև սուզանավեր, որոնց 80%-ը տեղական պարունակություն ունի»։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, շարունակվում են «տարբեր կարիքներ բավարարող անօդաչու ծովային տրանսպորտային միջոցների ոլորտում հետազոտական, նախագծային և արտադրական աշխատանքները»։
Թուրքիայի նախագահը հավելել է, որ ներկայումս իրականացվող նախագծերի ընդհանուր արժեքը հասել է 25 մլրդ եվրոյի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







