Ստամբուլը կդառնա արհեստական բանականության ոլորտում Թուրքիայի միջազգային ցուցափեղկը և այս ոլորտի ներդրումային դիվանագիտության կենտրոն, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Նա նշել է, որ իշխանությունները մտադիր են պատրաստել արհեստական բանականության ոլորտում 10 000 բարձր մակարդակի մասնագետներ և արհեստական բանականության լուծումների ներդրման ոլորտում 100 000 մասնագետներ։
Էրդողանը նաև հայտարարել է, որ պետական ներդրումային միջոցների առնվազն 2%-ը կհատկացվի արհեստական բանականության հետ կապված նախագծերին։ Թուրքիան նախատեսում է մինչև 2030 թվականն իր տվյալների կենտրոնների հզորությունը հասցնել առնվազն 1 գիգավատի։
Նա հավելել է, որ Թուրքիան մտադիր է աստիճանաբար մշակել թյուրքական լեզուների համար համապարփակ լեզվական մոդել, որը կներառի օղուզական, քիփչակական և քարլուք խմբերը։
Էրդողանի խոսքով՝ Անկարան նաև ակնկալում է ակտիվ դեր խաղալ մարդակենտրոն արհեստական բանականության ոլորտում միջազգային չափանիշների ձևավորման գործում՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունում, Մեծ քսանյակում, ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում։





































