Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը կազմել է 3526, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարարությանը։
«Մարտի 2-ին ռազմական էսկալացիայի սկսվելուց ի վեր մահացածների ընդհանուր թիվը հասել է 3526-ի, վիրավորների թիվը՝ 10 733-ի»,- ասվում է նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ։
Նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Լիբանանի հարավում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ։ Եվս 59 քաղաքացիական անձ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։
Նշվում է, որ հռչակված հրադադարի պայմաններում իսրայելական ինքնաթիռներն ու անօդաչու թռչող սարքերը շարունակում են անընդհատ հարձակվել Նաբաթիե նահանգի բնակեցված տարածքների վրա։
Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հակամարտությունը սրվել էր փետրվարի վերջին Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել համատեղ ռազմական գործողության մեկնարկից հետո։ Ապրիլի կեսերին ԱՄՆ միջնորդությամբ Վաշինգտոնում կայացել էին Իսրայելի և Լիբանանի դեսպանների նախնական խորհրդակցությունները, որոնք վերջին 30 տարվա ընթացքում երկու երկրների ներկայացուցիչների առաջին ուղիղ բանակցություններն էին՝ ուղղված հակամարտության կարգավորման քայլերի քննարկմանը։ Մայիսի 15-ին Վաշինգտոնը հայտարարել էր, որ Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը կերկարաձգվի 45 օրով։
Հունիսի 3-ին ԱՄՆ-ն հայտնել էր, որ Իսրայելը և Լիբանանը համաձայնել են հրադադարի, որը կախված է «Հեզբոլլահի» հարձակումների լիակատար դադարեցումից։






































