Չնայած Իսրայելը և Լիբանանը 10-օրյա հրադադարի շուրջ համաձայնության են եկել, սակայն Լիբանանը հայտնել է հրադադարի խախտումների մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Լիբանանի բանակը պնդում է, որ հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելուց հետո Իսրայելի հարձակումները շարունակվում են, և կոչ է արել հանրապետության հարավի բնակիչներին չշտապել վերադառնալ իրենց տներ։
«[Լիբանանի բանակը] դիմում է քաղաքացիներին՝ կոչ անելով չշտապել վերադառնալ հարավային գյուղեր և բնակավայրեր՝ հրադադարի համաձայնագրի մի շարք խախտումների պատճառով, որոնց հետևանքով արձանագրվել են իսրայելական հարձակումներ»,- ասված է բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Երկրի ռազմական ղեկավարությունը հայտարարել է՝ հետևում է իրավիճակին՝ անվտանգության անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար և կոչ է անում խուսափել Լիբանանի վտանգավոր շրջաններից, հատկապես գիշերային ժամերին։
Հրադադարի մասին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի հետ զրույցներից հետո։





































