Իսրայելը և Լիբանանը համաձայնել են հրադադարի՝ «Հեզբոլլահի» հարձակումների լիակատար դադարեցումից կախված, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը երկու երկրների միջև Վաշինգտոնի միջնորդությամբ անցկացված բանակցություններից հետո։
«ԱՄՆ-ի գլխավորությամբ բանակցությունների արդյունքում Իսրայելը և Լիբանանը համաձայնել են հրադադարի։ Սա կախված է «Հեզբոլլահի» կողմից լիակատար հրադադարից և «Հեզբոլլահի» բոլոր մարտիկների տարհանումից Լիտանի գետի հարավային տարածքից»,- ասվում է հայտարարության մեջ։
Կողմերը նաև համաձայնել են ստեղծել փորձնական գոտիներ, որոնք ամբողջությամբ կվերահսկվեն լիբանանյան ուժերի կողմից։
«Իսրայելն ու Լիբանանը հաստատել են միմյանց նկատմամբ թշնամական մտադրությունների բացակայությունը և հանձնառու են շարունակել վստահություն կառուցելու ուղիղ բանակցությունները՝ բոլոր չլուծված հարցերը լուծելու և երկու երկրների միջև համապարփակ համաձայնագրի հասնելու ուղղությամբ աշխատելու համար»,- հայտարարել է Պետդեպարտամենտը։
Ըստ հայտարարության՝ Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են «վերսկսել քաղաքական և անվտանգության վերաբերյալ քննարկումները հունիսի 22-ից սկսվող շաբաթվա ընթացքում՝ համապարփակ համաձայնագրի հասնելու նպատակով»։
ԱՄՆ-ն նաև համաձայնել է «շարունակել կողմերի միջև շփումները այդ ընթացքում»։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Լիբանանում հրադադարը ոչ միայն ապահովում է Իսրայելի հյուսիսի բնակիչների անվտանգությունը, այլև հնարավորություն է տալիս հաստատել երկարատև խաղաղություն
«Համաձայնագիրն արտացոլում է այն իրականությունը, որը մինչ օրս ստեղծել ենք Լիբանանում։ Իրականություն, որը կարող է հանգեցնել Լիբանան պետության հետ խաղաղության համաձայնագրի»,- ասել է նա՝ հրադադարը անվանելով «հսկայական նվաճում»՝ ընդգծելով, որ այն ապահովում է Լիբանանի հետ սահմանին ապրող Իսրայելի քաղաքացիների անվտանգությունը։
Լիբանանը և Իսրայելը հրադադարի մասին համաձայնության էին հասել ապրիլին։ Լիբանանյան բանակը չի մասնակցել Իսրայելի հետ հակամարտությանը։ Մարտերը վարել է «Հեզբոլլահը», որը հրադադարի կողմ չէ։
Իսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև հակամարտությունը սրվել էր փետրվարի վերջին Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել համատեղ ռազմական գործողության մեկնարկից հետո։ Ապրիլի կեսերին ԱՄՆ միջնորդությամբ Վաշինգտոնում կայացել էին Իսրայելի և Լիբանանի դեսպանների նախնական խորհրդակցությունները, որոնք վերջին 30 տարվա ընթացքում երկու երկրների ներկայացուցիչների առաջին ուղիղ բանակցություններն էին՝ ուղղված հակամարտության կարգավորման քայլերի քննարկմանը։ Մայիսի 15-ին Վաշինգտոնը հայտարարել էր, որ Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը կերկարաձգվի 45 օրով։



































