Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից ի վեր՝ Իսլամական Հանրապետությունն Արաբական Միացյալ Էմիրությունների տարածքի ուղղությամբ արձակել է շուրջ 3300 հրթիռ և անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄԷ նախագահի դիվանագիտական խորհրդական Անվար Գարգաշը։
«Իրանի հարձակումը մեզ համար վատթարագույն սցենարն էր, բայց կարծում եմ՝ շատ լավ հաղթահարեցինք այն։ Ստեղծել ենք հակաօդային պաշտպանության բավականին հուսալի համակարգ։ Իրանական հրթիռների և անօդաչուների ընդհանուր թիվը, որոնք թիրախավորել են ԱՄԷ-ն պատերազմի 40 օրվա ընթացքում և դրանից հետո, կազմում է մոտ 3300»,- ասել է նա Պրահայում GLOBSEC Forum անվտանգության միջազգային համաժողովի ժամանակ։
Ըստ Գարգաշի պնդման՝ ԱՄԷ-ի տարածքում թիրախներին հասել են այդ հրթիռների և ԱԹՍ-ների միայն մոտ 4%-ը։
ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին, ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր բանակցությունների մեկնարկի մասին, որը պետք է հանգեցներ Հորմուզի նեղուցի բացման։
Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։ Մայիսի 10-ին Իրանը Պակիստանին էր ուղարկել ԱՄՆ-ի խաղաղության առաջարկի պատասխանը, որը Թրամփն անընդունելի էր համարել։


























