ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաձայնել է Միացյալ Նահագների և Իրանի միջև առաջարկվող երկշաբաթյա հրադադարին՝ պայմանով, որ նավագնացությունը Հորմուզի նեղուցով շարունակվի, փոխանցում է BBC-ն:
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, իր հերթին, նշել է, որ Թեհրանը կհամաձայնի դադարեցնել ռազմական գործողությունները, եթե Իրանի դեմ հարձակումները նույնպես դադարեն։
Իսրայելը հայտարարել է, որ աջակցում է Թրամփի որոշմանը՝ դադարեցնել Իրանի դեմ հարվածները, սակայն ընդգծել է, որ երկշաբաթյա հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա։ Միևնույն ժամանակ, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը պնդել է հակառակը՝ նշելով, որ հրադադարը ներառում է նաև Լիբանանը։
Հրադադարի մասին հայտարարությունը հնչել է ընդամենը մեկ ժամից քիչ ավելի վաղ այն վերջնաժամկետից, որը Թրամփը սահմանել էր՝ պահանջելով Իրանից համաձայնության գալ, հակառակ դեպքում՝ սպառնալով, որ «ամբողջ քաղաքակրթությունը կկործանվի»։
Հրադադարի պայմաններից մեկն Իրանի պատրաստակամությունն է «ամբողջովին, անհապաղ և անվտանգ կերպով բացել Հորմուզի նեղուցը», ասել է Թրամփը: Նա իր որոշումը բացատրել է նրանով, որ ԱՄՆ ԶՈւ-ն «արդեն կատարել և գերակատարել է բոլոր ռազմական խնդիրները» Մերձավոր Արևելքում:
«Մենք Իրանից տասը կետից բաղկացած առաջարկ ենք ստացել։ Կարծում ենք՝ դա աշխատանքային հիմք է, որը թույլ է տալիս բանակցել։ ԱՄՆ-ի և Իրանի միջև նախկին գրեթե բոլոր տարբեր վիճելի հարցերը համաձայնեցված են: Սակայն երկշաբաթյա ժամանակահատվածը թույլ կտա վերջնականապես նախապատրաստել և իրականացնել պայմանավորվածությունը»,- գրել է ԱՄՆ վարչակազմի ղեկավարը Truth Social-ում։
Միջնորդի դեր ստանձնած Պակիստանը կողմերին ուրբաթ հրավիրել է բանակցությունների Իսլամաբադում:
Հրադադարի մասին հայտարարությունից հետո նավթի գները կտրուկ նվազել են՝ այժմ վաճառվելով մեկ բարելի համար 100 դոլարից զգալիորեն ցածր մակարդակում։
ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Հարվածների թիրախում էին Իրանի միջուկային օբյեկտները, ինչպես նաև երկրի ռազմական ենթակառուցվածքները: Գործողության արդյունքում զոհվել էին Իրանի բարձրաստիճան զինվորականներ և պաշտոնյաներ, այդ թվում՝ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:
Իրանն ի պատասխան՝ հարվածներ էր հասցրել տարածաշրջանի մի շարք երկրներում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին: Հարվածներ էին հասցվել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին ու դիվանագիտական ներկայացուցչություններին:



































