Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն ԱՄՆ-ի հետ բանակցությունները և հակամարտող կողմերի միջև հրադադարն անվանել է «անիմաստ»։
Նա նշել է, որ մինչ օրս խախտվել են Իրանի 10 կետանոց խաղաղության առաջարկի երեք կետերը։ Ղալիբաֆի խոսքով՝ ԱՄՆ-ն Թեհրանի առաջարկն ընդունել է որպես բանակցությունների հիմք։ Խոսնակը խախտումների մեջ նշել է, այդ թվում՝ Լիբանանում հրադադարի կետը, անօդաչու թռչող սարքի մուտքն Իրանի օդային տարածք և Իրանի՝ ուրանը հարստացնելու իրավունքի մերժումը։
Ընդգծելով, որ այդ առաջարկները խախտվել են դեռևս բանակցությունների մեկնարկից առաջ՝ Ղալիբաֆը հայտարարել է, որ «նման իրավիճակում երկկողմ հրադադարը կամ բանակցություններն անիմաստ են»։
Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ Իրանն ԱՄՆ-ին ներկայացրել է այլ ծրագիր, որը Վաշինգտոնն ընդունել է որպես բանակցությունների հիմք։ Լևիթի խոսքով՝ իրանական կողմն սկզբում առաջարկել է 10 կետանոց ծրագիր, որը նրանք «լիովին մերժել են»։
Նա պնդել է, որ ԱՄՆ-ի վերջնագրից և շարունակական ռազմական հարվածներից հետո Թեհրանն «ընդունել է իրականությունը»։
«Նրանք նախագահին և նրա թիմին ներկայացրին ավելի ողջամիտ, բոլորովին այլ և համառոտ ծրագիր։ Նախագահ Դոնալդ Թրամփը և նրա թիմը որոշեցին, որ նոր, փոփոխված ծրագիրն աշխատանքային հիմք է բանակցությունների և մեր սեփական 15 կետանոց առաջարկի հետ համաձայնեցման համար»,- գործակալությունը մեջբերում է Լևիթի խոսքերը։
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն մտադիր է բանակցել Իրանի հետ միայն այն պայմանով, որ Հորմուզի նեղուցը բաց մնա նավագնացության համար։ Սպիտակ տան խոսնակը նաև դրական պատասխան է տվել հարցին, թե արդյոք Թեհրանի ներկայացուցիչներն ազդանշա՞ն են տվել, որ Թեհրանը պատրաստ է իր հարստացված ուրանը հանձնել ԱՄՆ-ին։ Լևիթը նաև ընդգծել է, որ Լիբանանը ներկայումս «հրադադարի մաս չի կազմում»։
ԱՄՆ-ն և Իրանն ավելի վաղ համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ, որը ներառում էր Հորմուզի նեղուցի անհապաղ բացում։





































