Արհեստական բանականության (ԱԲ) վրա հիմնված «անհպում» պատերազմի միջոցով Իրանի նկատմամբ արագ հաղթանակ տանելու Վաշինգտոնի սպասումները չեն արդարացել, գրում է The New York Times-ը։
Սպիտակ տան իրավիճակային կենտրոնի նախկին ղեկավար Մարկ Գուստաֆսոնը և Eurasia Group-ի խորհրդական Ջասթին Քոսլինը նշում են, որ Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությունը փաստում է՝ բարձր տեխնոլոգիաները դեռևս չեն երաշխավորում արագ ռազմական հաջողություն։
Պենտագոնը տևական ժամանակ խաղադրույք է կատարում ԱԲ հնարավորությունների վրա՝ հետախուզական տվյալների իրական ժամանակում մշակման և թիրախային հարվածների ճշգրտությունը բարձրացնելու համար։ Մասնավորապես, հայտնի է դարձել, որ ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունն օգտագործում է Claude (Anthropic AI) համակարգը ռազմական գործողությունների պլանավորման համար։ Այն կիրառվել է նաև Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կալանավորման օպերացիայի ժամանակ։
Այնուամենայնիվ, Իրանի աշխարհագրական բարդ ռելիեֆը և լոգիստիկ ճկունությունը լուրջ խոչընդոտ են դարձել ամերիկյան ռազմավարության համար։ Ըստ հոդվածագիրների՝ Իրանի լեռնային տարածքներում թաքցված ռազմական ենթակառուցվածքները հնարավոր չէ չեզոքացնել առանց ցամաքային գործողության, ինչը ենթադրում է անխուսափելի մարդկային կորուստներ։
Առանձնահատուկ շեշտվում է իրանական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ), մասնավորապես՝ Shahed տեսակի դրոնների արդյունավետությունը։ Դրանց բարձր շարժունակությունը՝ սովորական բեռնատարներից արձակվելու հնարավորությունը, գրեթե անհնար է դարձնում հետախուզական ամբողջական վերահսկողությունը։ Պարբերական հարվածները ոչ միայն վնասում են ռազմավարական օբյեկտները, այլև հանգեցնում են ԱՄՆ-ի և դաշնակիցների ՀՕՊ համակարգերի հրթիռների պաշարների սպառմանը։
Փորձագետները եզրակացնում են, որ նույնիսկ տոտալ դիտարկման և գերճշգրիտ զինատեսակների պարագայում, տեխնոլոգիական առավելությունը չի կարող փոխարինել լայնածավալ ռազմական ներկայությանը, իսկ Իրանի դիմակայության մակարդակն ստիպում է վերանայել «թվային հաղթանակի» հեռանկարները։
ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Հարվածների թիրախում էին Իրանի միջուկային օբյեկտները, ինչպես նաև երկրի ռազմական ենթակառուցվածքները: Գործողության արդյունքում զոհվել էին Իրանի բարձրաստիճան զինվորականներ և պաշտոնյաներ, այդ թվում՝ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:
Իրանն ի պատասխան՝ հարվածներ էր հասցրել տարածաշրջանի մի շարք երկրներում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին: Հարվածներ էին հասցվել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին ու դիվանագիտական ներկայացուցչություններին:






































