ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 700 իրանցի է զոհվել, հայտնել է Իսլամական Հանրապետության Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությունը։
«Վերջին չորս օրերի ընթացքում ԱՄՆ հանցագործ բանակը և սիոնիստական ռեժիմը, հակառակ իրանական ռազմական օբյեկտների վրա հարձակումների և դրանց վնաս հասցնելու մասին իրենց կեղծ պնդումներին և քարոզչությանը, մի շարք վախկոտ հարձակումներ են իրականացրել դպրոցների, հիվանդանոցների, մարզադաշտերի, ռեստորանների և հարսանյաց սրահների վրա՝ բնակչության շրջանում վախ և խուճապ առաջացնելու նպատակով, որի արդյունքում զոհվել է ավելի քան 700 անմեղ իրանցի, վիրավորվել են շատ շատերը»,- ասվում է հայտարարությունում։
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ «այս հանցագործություններից և անմեղների սպանություններից ոչ ոք անպատասխան չի մնա»:
«ԱՄՆ-ի և օկուպացիոն ռեժիմի դեմ պատերազմը կշարունակվի ավելի բարձր մակարդակով»,- հավելել է ԻՀՊԿ-ն։
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







