Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, հայտարարել է, որ ՀՀ-ն պետք է ամեն ինչ անի, որպեսզի չներքաշվի Իրանում և Մերձավոր Արևելքում ընթացող իրադարձությունների մեջ։
Սիմոնյանը շեշտել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ու խաղաղության մասին։
«Հույս ունենք, որ որևիցե ձևով Հայաստանի շահերին դա չի դիպչի: Երևի թե պատմության մեջ առաջին անգամ է, որ հյուսիսում պատերազմ է, արևելքում պատերազմ է, և մենք այդ ֆոնին կարողացել ենք Ադրբեջանի հետ խաղաղության եզր գտնել»,- նշել է նա:
Սիմոնյանը վտանգավոր չի համարել ռազմական գործողությունները TRIPP («Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագծի կենսագործման համար։ Նա հույս է հայտնել, որ ռազմական այս գործողությունները հնարավորինս կարճ կտևեն:
«Անմիջականորեն մեր հարևանի հետ է տեղի ունենում, և դա չի կարող մեզ չանհանգստացնել: Միևնույն ժամանակ՝ հասկանում ենք, որ դա աշխարհաքաղաքական մեծ պատերազմներից մեկն է, որը, փառք Աստծո, մեր հետ որևիցե ձևով կապ չունի»,- հավելել է ԱԺ նախագահը:
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







