Իրանի իշխանությունները պատրաստում են գործողությունների ծրագիր և հրամանատարների ու քաղաքական գործիչների, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի իրավահաջորդների ցուցակ երկրի վրա ԱՄՆ-ի հնարավոր հարվածների դեպքում, հայտնել է New York Times-ը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի վեց բարձրաստիճան պաշտոնյայի և անդամների։
Նշվում է, որ Խամենեին հրահանգել է սահմանել անձամբ իր նշանակած զինվորական հրամանատարների և քաղաքական գործիչների յուրաքանչյուր դերի համար իրավահաջորդության չորս մակարդակ։ Խամենեին նաև հանձնարարել է բոլոր առաջնորդներին նշանակել չորս տեղակալ։ Նա պարտականությունները հանձնարարել է «վստահելի անձանց նեղ շրջանակի», ովքեր կարող են որոշումներ կայացնել հաղորդակցման խնդիրների կամ հոգևոր առաջնորդի մահվան դեպքում։
«Խամենեին հանձնարարել է ապահովել Իսլամական Հանրապետության գոյատևումը ոչ միայն ամերիկյան և իսրայելական ռմբակոծություններից հետո, այլև նրա բարձրագույն ղեկավարության, այդ թվում՝ իր դեմ ցանկացած մահափորձից հետո»,- New York Times-ին ասել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաշտոնյաները և զինվորականները։
ԻՀՊԿ բարձրաստիճան պաշտոնյաները և զինվորական անձնակազմն ընդգծել են, որ Իրանը գործում է այն գիտակցմամբ, որ ԱՄՆ-ի հարվածները երկրի դեմ անխուսափելի են: Իրանի բոլոր ռազմական ուժերը բերվել են բարձր մարտական պատրաստվածության: Երկրի իշխանությունները նաև բալիստիկ հրթիռների արձակման համակարգեր են տեղակայել Իրաքի հետ արևմտյան սահմանի և Պարսից ծոցի ափերի երկայնքով՝ ըստ աղբյուրի։
Ժնևում փետրվարի 17-ին տեղի էր ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային գործարքի շուրջ Օմանի միջնորդությամբ բանակցությունների երկրորդ փուլը: Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման մասին, որոնք կարող են ներառվել ապագա համաձայնագրի նախագծում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առավելագույնը 15 օր ժամանակ էր նախատեսել Իրանի հետ պայմանավորվածության հասնելու համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







