Իրանն ու ԱՄՆ-ն Ժնևում կայացած բանակցություններում մշակել են հիմնական սկզբունքները, որոնց հիման վրա աշխատելու են իրանական միջուկային գործարքի շուրջ, ամերիկյան պատվիրակության հետ բանակցությունների ավարտից հետո հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:
«Համաձայնության ենք եկել մի շարք հիմնական սկզբունքների շուրջ, որոնց հիման վրա մշակելու ենք համաձայնագրի հնարավոր տեքստը»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Արաղչին։
Նա հավելել է, որ դա չի նշանակում, թե Իրանն ու ԱՄՆ-ն շուտով համաձայնության կգան իրանական միջուկային ծրագրի շուրջ, սակայն այդ ճանապարհի սկիզբն արդեն դրված է: Արաղչին նաև ընդգծել է, որ համաձայնագրի տեքստի կազմումը «հեշտ գործ չէ»:
Նախորդ բանակցային փուլը տեղի էր ունեցել փետրվարի 6-ին Օմանի միջնորդությամբ՝ այդ երկրի մայրաքաղաք Մասկատում:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանի դեմ ուղղված տարբերակներ, որոնք ներառում են անվտանգության ուժերին և առաջնորդներին թիրախային հարվածներ հասցնելը ցուցարարներին ներշնչելու համար։ Հունվարի 26-ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Abraham Lincoln ավիակիրը և օժանդակ նավերը հասել են Մերձավոր Արևելք։ Թրամփը հայտարարել էր նաև Մերձավոր Արևելք երկրորդ ամերիկյան ավիակիր ուղարկելու մասին։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև էական բանակցությունները, միջուկային հարցից բացի, պետք է ներառեն նաև Իրանի հրթիռային ծրագիրը, Թեհրանի աջակցությունը Մերձավոր Արևելքի խմբավորումներին և «սեփական ժողովրդի նկատմամբ վերաբերմունքը»։ Իրանական կողմը պնդում է, որ բանակցությունների ժամանակ կքննարկեն միայն Թեհրանի միջուկային ծրագիրը։




































