Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Իրանի ու ԱՄՆ-ի բանակցությունների օրակարգից հանվել է ուրանի զրոյական հարստացման հարցը, հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Աբբաս Արաղչին, գրում է Interfax-ը:
«Հարստացման մակարդակը զրոյի հասցնելը բանակցություններում չի քննարկվում։ Ուրանի հարստացման մակարդակը կախված է երկրի կարիքներից»,- ասել է Արաղչին։
Նա նաև հայտարարել է, որ «ուրանի հարստացումն Իրանի սուվերեն իրավունքն է, և այդ ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն»: Նախարարը հավելել է, որ արդեն հարստացված ուրանը չի լքի երկրի սահմանները: Ընդ որում՝ Արաղչին հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի հետ «հուսադրող համաձայնության» կհասնեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ:
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իրանն ու ԱՄՆ-ն Մասկատի բանակցություններում եկել են այն եզրակացության, որ անհրաժեշտ է շարունակել բանակցություններն իրանական միջուկային ծրագրի շուրջ:
Հունվարի 26-ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Abraham Lincoln ավիակիրը և օժանդակ նավերը հասել են Մերձավոր Արևելք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «հսկայական նավատորմ է շարժվում դեպի Իրան»։ Նրա խոսքով, ինչպես Վենեսուելայի դեպքում, այն պատրաստ է «արագ կատարել իր առաքելությունը՝ անհրաժեշտության դեպքում ուժ և բռնություն կիրառելով»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







